Աշխարհը կտեսնի, որ Հայաստանը քայլ էր արել, որը Թուրքիան չի ընդունել. Արտակ Շաքարյան

«Հետքի» հարցերին է պատասխանում  թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար ՄևլութՉավուշօղլուն այսօր հայտարարել է, որ«Թուրքիան Ադրբեջանի հետ միասին է պայքարելու «հայերի ցեղասպանության» դեմ»: Արդյոք Մ. Չավուշօղլու հակահայկական նմանդիրքորոշումը վտանգավոր չէ՞ հայ-թուրքական հարաբերություններիհամար:

Թուրքիան միշտ էլ նման դիրքորոշում է ունեցել, իրենք վերջին մի քանի տարիների ընթացքում հենց նույն մոտեցումն են արտահայտել: Ոչինչ չի փոխվել. ուժը Էրդողանի ձեռքում է, արտաքին քաղաքականությունը շարունակելու  է Դավութօղլուն ղեկավարել, այնպես որ ադրբեջանական քաղաքականությանը հօգուտ հայտարարությունը, որը դուք մեջբերեցիք, լիովին տեղավորվում է այս կոնտեքստում: Նախագահ ընտրվելուց հետո  Էրդողանը առաջին այցը կատարում է Ադրբեջան, ուստի ԱԳ նախարարն էլ իր առաջին հայտարարությունն անում է ի պաշտպանություն Ադրբեջանի, որ հասարակությունը շարունակի զգալ ‹‹մեկ ժողովուրդ, մեկ պետություն›› սկզբունքի առկայությունը: Գուցե Դավութօղլուն ԱԳ նախարարի պաշտոնում փորձում էր ավելի քաղաքակիրթ քաղաքականություն վարել, չանել նման կտրուկ հայտարարություններ, բայց, ամեն դեպքում, քաղաքականության փոփոխություն չկա:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Էրդողանին հանձնեց Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ.ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակիոգեկոչման արարողությանը։ Արդյոք Թուրքիայի ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունըբացասական պատասխանը չէ՞ Նալբանդյանի նամակին:  

Չէ, ես միմյանց չէի կապի իրադարձությունները: Կարծում եմ, որ Չավուշօղլու հայտարարությունն ավելի շատ մեսիջ էր Ադրբեջանին, թե չմտածեք, որ մեր սիրախաղերը Հայաստանի հետ երկրորդ պլան են մղելու թուրք-ադրբեջանական բարեկամությունը: Այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների ամրապնդում, վերահաստատում:

Քննադատվեց Է. Նալբանդյանի քայլը, որ վերջինս Էրդողանին հանձնել է Ս. Սարգսյանի հրավեր-նամակը: Կարծիքներ հնչեցին, թե ՀՀ ԱԳ նախարարը նամակներ հանձնելու համար չէ եւ որ երդմնակալությանը չպետք էր մասնակցել կամ կարելի էր մասնակցել նախարարից ցածր մակարդակով և այլն: Ձեզ համար արդարացվա՞ծ է Նալբանդյանի այցը Թուրքիա:

Ես չէի ասի, որ արտաքին գործերի նախարարը նամակ հանձնելու համար չէ, որովհետև հենց նրանց միջոցով են փոխանցվում կարևոր փաստաթղթերը: Պետք է հաշվի առնել այն, որ Թուրքիան է հրավիրել Հայաստանին՝ մասնակցելու արարողությանը, և Հայաստանն էլ հրապարակային, ամբողջ միջազգային հանրության առջև, նրան հանձնել է հրավեր, և ցանկացած դեպքում, եթե Էրդողանն անգամ մերժի այն, աշխարհը կտեսնի, որ Հայաստանը քայլ էր արել, որը Թուրքիան չի ընդունել:

Աղբյուր` Hetq.am

allTurkey.am

Մեկնաբանություններ