Անհայտ անձինք Դիարբեքիրում զինված հարձակում են գործել ոստիկանական մեքենայի վրա. կա 3 վիրավոր ոստիկան

Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում սեպտեմբերի 25-ին զինված հարձակում է տեղի ունեցել հերթապահություն իրականացնող ոստիկանական մեքենայի վրա, ինչի հետևանքով 3 ոստիկան ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղեկացնում է CnnTurk լրատվական կայքը:
Նշվում է, որ դեռևս չբացահայտված անձը կամ անձինք մեքենայով հարված են հասցրել ոստիկանական կանգնած մեքենային, ինչից հետո էլ իրենց մոտ եղած զենքով կրակ են բացել նրանց ուղղությամբ:
Անսպասելի իրավիճակի մեջ հայտնված ոստիկանները նույնպես կրակ են բացել, որի արդյունքում զինված գրոհ իրականացնողները փախել են անհայտ ուղղությամբ: Ոստիկանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մոտակայքում հերթապահություն իրականացնող ոստիկանության մեկ այլ մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:
Հիվանդանոցից ստացված տվյալների համաձայն՝ ոստիկանների կյանքին լուրջ վտանգ չի սպառնում:
Տեղեկացնենք, որ գրանցված միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: Խիստ վերահսկողություն է սահմանվել Դիարբեքիր մտնող և քաղաքից դուրս եկող մայրուղիների վրա, իսկ ոստիկաննությանը հրահանգել են աչալուրջ և զգոն լինել, քանի որ հնարավոր են նմանատիպ այլ զինված հարձակումներ:
Հեղինակ՝ Հայկ Դարբինյան
allTurkey.am