«Հայաստանը զենիթահրթիռային համալիրներ է տվել PKK-ին». թուրքական լրատվամիջոց

Ստրելա-2

«Հայաստանը «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) դյուրակիր «Ստրելա-2» զենիթահրթիռային համալիրներ է տվել»,-նման տեղեկություն է տարածել թուրքական «Ուլքեաժանս» լրատվակայքը, որը պետք է որպես անվստահելի ու ոչ հեղինակավոր աղբյուր դիտել: Թուրքական լրատվամիջոցը հղում է տալիս «սեփական հետախուզական աղբյուրներին», սակայն որևէ էական փաստարկ չի բերում՝ հաստատելու իր կասկածելի տեղեկությունը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանը քրդական կազմակերպությանը փոխանցել է 50 «Ստրելա-2» ԶՀՀ, որոնք տեղափոխվել են Իրաքի Քանդիլ շրջան, որը PKK-ի հենակայանն է: Թե երբ և ինչպես է դա տեղի ունեցել, աղբյուրը նույնպես չի նշում:

Ընդ որում, աղբյուրը նշում է «Ստրելա-7», որն իրականում «Ստրելա-2-ն» է, սակայն այս համալիրի ՆԱՏՕ-ի անվանումն է SA-7 (ՍԱ-7):

Այսպիսով, կարելի է ենթադրել, թե թուրքական աղբյուրն ապատեղեկատվության տարածմամբ փորձում է հակահայ տրամադրություններ ստեղծել թուրք հասարակության շրջանում:

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև` HPG։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (պատմական հայկական Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (կեղծանունը՝ Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է դե ֆակտո համարվել կազմակերպության ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական պետության դեմ շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 35 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

2013 թվականի մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև հրադադար հաստատվեց։

2013-ի սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց, թե դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ