Թուրքիայում քրդերի և իրավապահների բախումների հետևանքով սպանվածների թիվը հասել է 22-ի

«Իսլամիստական պետություն» խմբավորման կողմից թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու Սիրիայի քրդաբնակ Քոբանի բնակավայրի ռմբակոծման ժամանակ Անկարայի` այս դեպքերին չմիջամտելու քաղաքականության պատճառով Թուրքիայի մի շարք շրջաններում քուրդ բնակչությունը շարունակում է զանգվածային ցույցերը, որոնց ժամանակ թուրք իրավապահների հետ կատաղի բախումների հետևանքով նորանոր զոհեր են գրանցվում:

Թուրքիայի անվտանգության գլխավոր խորհրդի հաշվետվության համաձայն` Թուրքիայի 27 նահանգների  68 շրջաններում բախումներ են գրանցվել: Տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է ոստիկանության 170 աշխատակից, ձերբակալվել է 217 անձ: Բախումների հետևանքով սպանվել է  22 ցուցարար, հարյուրավոր վիրավորներ կան: Լարված իրավիճակը ներկայում էլ պահպանվում է: Քրդերի հուզումներ են ինչպես մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլի տարբեր հատվածներում, այնպես էլ հարավարևելյան մի շարք քրդաբնակ բնակավայրերում, այդ թվում` Դիարբեքիրում, որը քրդերի ոչ պաշտնոկան կենտրոնն է համարվում:

Տեղեկացնենք, որ վերջին օրերին ցույցի դուրս եկած քրդերը մեղադրում են թուրքական պետությանն «Իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությանն աջակցելու և Քոբանիի քրդերին օգնություն չտրամադրելու համար:  Արյունալի բախումները քրդերի և թուրք իրավապահների միջև բերել են մեծաթիվ զոհերի ցուցարարներիշրջանում:

Վերջին շրջանում Սիրիայի քրդաբնակ Քոբանի շրջանում կատաղի մարտեր են քրդական ուժերի (YPG) և իսլամիստների միջև, ինչի հետևանքով տարածքի բնակիչների զգալի մասը փախստական է դարձել: Իսլամիստները կարողացել են վերջին օրերին որոշակի հաջողության հասնել քրդական կողմի նկատմամբ: Մարտերը դեռ շարունակվում են:

Նշենք, որ Սիրիայի ներքին հակամարտության Բաշար Ասադի և մի շարք այլ ուժերի դեմ ռազմական գործողությունների ժամանակ հաջողություններ գրանցած «Իսլամական պետություն» (նախկին անվանումը` «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն/խալիֆայություն») խմբավորման զինյալները  2014-ի հունիսի կեսերին կարճ ժամկետում կարողացան լուրջ ռազմական հաջողություններ գրանցել նաև իրաքյան զինուժի դեմ ու հսկողություն սահմանել Իրաքի հյուսիս-արևմտյան շրջանների, այդ թվում` և երկրի երկրորդ քաղաքի` Մոսուլի նկատմամբ։ Իսլամիստների թիրախում ոչ միայն իրաքյան զինուժն է, այլ նաև տեղաբնակ քրդերն ու եզդիները: Այժմ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիա է ձևավորվել, որը դեռևս միայն օդային հարվածներ է հասցնում իսլամիստներին:

Թուրքիան սկզբնական շրջանում խուսափում էր միանալ ԻՊ- դեմ գործողություններին` պատճառ բերելով հունիսից ԻՊ-ի կողմից գերեվարված Մոսուլի թուրքական հյուպատոսարանի աշխատակիցներին սպառնացող վտանգը: Այնուամենայնիվ, սեպտեմբերին գերիները բավական կասկածելի իրավիճակում անվնաս տեղափոխվեցին Թուրքիա, ինչից հետո պաշտոնական Անկարան փոխեց հռետորաբանությունը` ավելի ագրեսիվ լինելով ԻՊ-ի դեմ, սակայն դեռևս խուսափում է ուղիղ ռազմական գործողություններից: Հոկտեմբերի սկզբին Թուրքիայի ազգային մեծ ժողովն օրենք ընդունեց, որով թույլատրում էր Թուրքիայի զինված ուժերին ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի և Իրաքի տարածքում, ինչպես նաև արտասահմանյան զորքերին թույլատրել օգտագործել իր բազաներն ու տարածք` իսլամիստներին հարվածելու համար: Թուրքիայի քրդերն էլ պահանջում են, որպեսզի այս օրենքի հիման վրա թուրքական կողմը զորքերը մտցնի քրդաբնակ Քոբանի (Այն ալ-Արաբ)` օգնելու տեղի քրդերին ԻՊ-ի դեմ պայքարում: Թուրքիայի իշխանությունները հրաժարվում են որևէ կերպ գործողության գնալ ԻՊ-ի դեմ, որն արդեն հսկում է թուրք-սիրիական սահմանի զգալի մի հատվածը:

Հեղինակ՝ Արթուր Դոլբակյան

allTurkey.am

Մեկնաբանություններ