Հնարավոր է` քրդերը կրկին դիմեն արմատական մեթոդների. Արտակ Շաքարյան

Քրդերը գտնում են, որ իրենց հայրենակիցները Թուրքիայի սահմանին մոտ Քոբանի քաղաքում կոտորվում են Իսլամակն պետության կողմից, իսկ Թուրքիան, գտնվելով շատ մոտ այդ քաղաքին, ոչինչ չի անում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով Թուրքիայում քրդերի բողոքի ակցիաներին:

«Թուրքիան իր բանակը մոտեցրել է սահմանին, սակայն չի օգնում քրդերին, կարծես սպասում է, որ մինչև վերջ կոտորվեն: Ավելին` քրդերը ստեղծել են կամավորական ջոկատներ և ցանկանում են մտնել այդ տարածք, որ ազգակիցներին օգնեն, սակայն Թուրքիան դա էլ չի թողնում, պարզապես պասիվ ձևով սպասում է, թե երբ են հիմնովին կոտորվելու»,-ասաց թուրքագետը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի մի շարք քաղաքներում քրդերի բողոքի ցույցերը վերածվել են զինված բախումների ոստիկանության հետ:

Նա նշեց, որ այդ բախումները բավական խնդրահարույց են Թուրքիայի, հատկապես՝ Էրդողանի համար: «Մի կողմից՝ Էրդողանը չի ցանկանում օգնել, զինել քրդերին, որովհետև վերջիվերջո՝ դա շուռ է գալու իր դեմ, իսկ մյուս կողմից՝ Էրդողանն սկսել է քրդերի հետ խաղաղության գործընթաց` հույս ունենալով, որ առաջիկա ընտրություններում և Սահմանադրական բարեփոխումների գործընթացում կունենա քրդերի աջակցությունը: Այդ զարգացումները տանում են նրան, որ հնարավոր է՝ քրդերը Էրդողանից երես թեքեն»,-ասաց նա և ավելացրեց, որ Թուրքիային ձեռնտու է, որ քրդերը իսլամիստների ձեռքով կոտորվեն:

«Բացի այդ, Թուրքիան խնդիր ունի վարկաբեկելու ԱՄՆ-ին, այսինքն աշխարհին ցույց տալու, որ ԱՄՆ-ն միայն խոսում է և կոնկրետ օգնություն չի ցուցաբերում»,-ասաց նա:

Արտակ Շաքարյանը նշեց, որ քրդերը շատ լավ հասկանում են, որ Էրդողանը, ինչպես նախորդ իշխանությունները, պարզապես խաղ են խաղում իրենց հետ և հարմար առիթի ժամանակ դավաճանում են: «Թուրքիայի ներքաղաքական ասպեկտում շատ հնարավոր է, որ Էրդողանի՝ քրդերի հետ համագործակցությունը չստացվի, և քրդերը կրկին դիմեն արմատական մեթոդների, կրկին ակտիվացնեն իրենց գործողությունները Թուրքիայում»,-ասաց նա:

Ըստ թուրքագետի` որքան շատ Թուրքիան ներքին խնդիրներ ունենա և ավելի շատ զբաղված լինի դրանցով, ավելի քիչ ժամանակ կունենա՝ միջամտելու Ղարաբաղի կամ Հայոց ցեղասպանության հարցերին: «Թուրքիայի ներքին խառնակ վիճակը Հայաստանի համար կարելի է ասել՝ ձեռնտու է մեզ, սակայն այդ իրավիճակը հուշում է, որ ամբողջ աշխարհը կարող է պարզապես պասիվ հետևել, թե ինչպես է մի ողջ քաղաք ոչնչացվում ու սկզբունքորեն ոչինչ չանել, ինչը անհանգստացնող ուղերձ է մեզ համար, և մենք պետք է պատրաստ լինենք նման իարվիճակի»,-ասաց նա:

Աղբյուր` Tert.am

allTurkey.am

Մեկնաբանություններ