Թուրքիա-«Իսլամական պետություն». բացահայտ թշնամանք և քողարկված համագործակցություն

Թուրքիա, ԻՊ

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Մերձավոր Արևելքը ռազմաքաղաքական տեսանկյունից այլևս այն չէ, ինչ  մինչ 2014 թվականի հունիսն էր: Քանի դեռ ամբողջ աշխարհն իր ուշադրությունը կենտրոնացրել է Իրաքում և Սիրիայում ակտիվ ռազմական գործողություններ ծավալած և հաջողություններ գրանցող «Իսլամական պետություն» խմբավորման վրա, պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում այս կազմակերպության և Թուրքիայի միջև հարաբերությունները, միմյանց նկատմամբ բացահայտ թշնամանքի, քողարկված համագործակցության, ընդհանուր շահերի քաղաքականությունը:

Սիրիայի քրդաբնակ Քոբանի (Այն ալ-Արաբ) քաղաքի շուրջ ծավալվող գործողությունները և ԻՊ-ի հարցում Թուրքիայի քաղաքականությունն ավելի լավ հասկանալու համար կարիք կա հայացք գցել թուրքական պետության և իսլամիստական խմբավորման միջև հարաբերություններին, որոնք ոչ միանշանակ և բավական հետաքրքիր մի պատմություն են ներկայացնում:

Ակներև թշմանանք 

Թուրքիայի` ԻՊ հարցում քաղաքականությունը հասկանալու համար պետք է գնալ ավելի վաղ շրջան, երբ կազմակերպությունը սիրիական հակամարտության սկզբից ակտիվ գործում էր Սիրիայի տարածքում և դեռ լայն հարձակման չէր անցել իրաքյան ճակատում: Ընդ որում, իսլամիստական կազմակերպությունը կարողացել էր հաստատվել Սիրիայի հյուսիսի մի շարք հատվածներում, որոնք անմիջական սահման ունեին Թուրքիայի հետ:

 

Հայտնի է, որ Թուրքիան Սիրիայի ներքին հակամարտության ամենասկզբից աջակցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ամենատարբեր ուժերի` «չափավոր ընդդիմադիրներից» մինչ ծայրահեղ իսլամիստների: Թեև Թուրքիան աջակցում էր/է Ասադի դեմ մի շարք խոշոր խմբերի, օրինակ, «ալ Կաիդայի» հետ կապերով հայտնի «ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորմանը, «չափավոր ընդդիմություն» որակվող «Սիրիայի ազատ բանակին», սակայն այն աջակցությունը, որը ստանում էին վերոնշյալ խմբերը, չէր վերաբերում Սիրիայում Ասադի դեմ գործող ևս մեկ խոշոր խաղացողի` «Իսլամական պետությանը», որն այդ ժամանակ հայտնի էր «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն/խալիֆայություն» անունով:

Եվ Սիրիայի ներքին հակամարտության գրեթե սկզբից Անկարայի և ԻՊ-ի միջև ձևավորվել էին արտաքինից թշնամական հարաբերություններ: Եվ եթե կային փաստեր, թե, ասենք, հակաասադական այլ խմբավորումները Թուրքիայում բուժում էին անցնում, Թուրքիայից զենք և պարեն էին ստանում, օգտագործում էին այդ երկրի տարածքը, ապա նույն այդ ժամանակ թուրքական կողմը փակում էր թուրք-սիրիական սահմանի այն կետերը, որոնք հսկում էին ԻՊ զինյալները, տեղային հրետակոծության էր ենթարկում ԻՊ-ի դիրքերը, գնդակոծում այս ուժի ավտոշարասյունները: Այսպիսով, վերջին 1-2 տարիներին թուրք-սիրիական սահմանի` ԻՊ-ի կողմից վերահսկվող բավական խոշոր մի հատվածի տարբեր մասերում ժամանակ առ ժամանակ իրավիճակը զգալի լարվում էր` այնուամենայնիվ, չվերածվելով լայնածավալ զինված բախման:

 

Սա Սիրիայում, իսկ արդեն Իրաքում ԻՊ-ը փորձեց առավել ընգծված հակաթուրքական քայլեր կատարել, որոնցից էին 2014-ին հունիսին Մոսուլի գրոհի ժամանակ այդ քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի 49 աշխատակիցների, ինչպես և մի քանի տասնյակ թուրք վարորդների գերեվարումը (վարորդները, ի տարբերություն դիվանագետների, շատ ավելի վաղ ազատ արձակվեցին):

Եվ արդեն հոկտեմբերի սկզբին Թուրքիայի ազգային մեծ ժողովն օրենք ընդունեց, որով թույլատրում էր Թուրքիայի զինված ուժերին ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի և Իրաքի տարածքում, ինչպես նաև արտասահմանյան պետությունների զորքերին թույլատրում էր օգտագործել Թուրքիայի բազաներն ու տարածքը` իսլամիստներին հարվածելու համար: Թեև այս օրենքն արդեն ուժի մեջ է մտել, սակայն թուրքական զինուժը որևէ կերպ չի շտապում գործողություններ իրականացնել ԻՊ-ի դեմ, և Թուրքիան սպասողական մարտավարություն է ընտրել:

Համագործակցություն ստվերում 

Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակիցների վերադարձը 102-օրյա գերեվարումից հետո առանձին մի գլուխ է Թուրքիա-ԻՊ գլուխկոտրուկում: Սեպտեմբերի վերջին գերիներն անսպասելիորեն վերադարձվեցին Թուրքիա, ընդ որում, պաշտոնական կողմի պնդմամբ` թուրքական հետախուզության ջանքերով: Ամեն դեպքում, կասկածելի և հոլիվուդյան ֆիլմի նման է հատուկ ծառայությունների կողմից 49 հոգու ազատման գործողությունը երկրի տարածքից դուրս, այն էլ` իսլամիստների կողմից հսկվող մի վայրից, առանց կորուստների: Սա բազմաթիվ հարցեր ծնեց, այդ թվում` միջազգային հանրությունն ու լրատվամիջոցները հերթական անգամ Թուրքիային մեղադրեցին ԻՊ-ի հետ համագործակցելու համար:

 

Թուրքիա-ԻՊ համագործակցության մասին մեկ այլ հետաքրքրական կետ էր սեպտեմբերին ԱՄՆ Սենատում քննարկումը, որտեղ սենատորները պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը խոսում էին ԻՊ-ի վերահսկողության տակ անցած իրաքյան ու սիրիական շրջաններից նավթի` Թուրքիայի տարածքով արտահանման մասին: Այս քննարկումներն արդեն այլ մակարդակում էին` պաշտոնական, ինչը խոսում է, որ թուրքական պետությունը ներքին պայմանավորվածություններ ու ստվերային համագործակցություն ունի ԻՊ-ի հետ, որի մասին էլ բազմիցս նշում էին արևմտյան առաջատար լրատվամիջոցները:

 

Եվ ահա, վերադառնալով վերջին շրջանում մեծ ուշադրություն գրաված Քոբանիի շուրջ զարգացումներին, շատ հետաքրքրական մի կետ է առաջ գալիս, այն է` ԻՊ-ն պետք է Թուրքիային քրդերի դեմ պայքարում: Այն, որ քրդական հարցը Թուրքիայի առաջ ծառացած ամենալուրջ խնդիրն է, նորություն չէ: Իսկ քրդերին վնասող ցանկացած երևույթ, այդ թվում` և ԻՊ-ը, թուրքական պետության տեսանկյունից միայն ողջունելի է: Ուստի ինչո՞ւ խանգարել քո գլխավոր խնդրի` քրդերի դեմ պայքար մղող ուժին:

Իհարկե, այս ամենի արդյունքում թուրքական հաշվարկներում որոշակի անճշտություններ էլ կան, քանի որ ԻՊ-ի հարցում Անկարայի քաղաքականությունը բերել է նրան, որ երկրի տարածքում մի քանի օր է, ինչ շարունակվում են քրդերի հուզումները` դառնալով տասնյակ զոհերի պատճառ և կասկածի տակ դնելով ոչ միայն թուրքական իշխանությունների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) միջև 2013-ի մայիսից շարունակվող խարխլուն հրադադարը, այլ ընդհանրապես Թուրքիայի նախագահ Թայիփ էրդողանի ու իշխող «Ազատություն և զարգացում» կուսակցության «քրդական նախաձեռնությունը»:

Այսպիսով, կարելի է ասել, որ թեև Թուրքիան, տուրք տալով միջազգային հանրությանը, իր արևմտյան դաշնակիցների հետ հարաբերություններին, ունի արտաքնապես լարված և վատ հարաբերություններ ԻՊ-ի հետ, բայց և Թուրքիայի ու «Խալիֆայության» ճանապարհները խաչվում են, երբ խոսքը գնում է Ասադի` իշխանությունից հեռացնելուն, նավթին և քրդերին: Ընդհանուր շահեր, ընդհանուր թշնամիներ: Այսպիսին է մերձավորարևելյան առօրյան:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ