Չավուշօղլուի առաջին լուրջ պարտությունը. Թուրքիան չի լինի ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ

Չավուշօղլու

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ 

Թուրքիան առաջիկա տարիներին չի լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, ինչին ձգտում էր վերջին ամիսներին: Սա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի համար առաջին լուրջ հարվածն է միջազգային ճակատում, եթե Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» (ԻՊ) քաղաքականությունը վերագրենք նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի գործերի շարունակությանը և դրա հետևանքներին:

Չավուշօղլուն, ով Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնին նշանակվեց 2014-ի օգոստոսին, կարևոր այդ աթոռի հետ մեկտեղ ժառանգեց կարևոր անելիքների ու խնդիրների հսկա մի փաթեթ: Խնդիրների երկար ցուցակում ամենաեռացողը «Իսլամական պետության»` թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու Սիրիայի քրդաբնակ Քոբանի (Արաբունար, Այն ալ-Արաբ) շրջանի ու համանուն քաղաքի վրա գրոհն է, որն ազդեց Թուրքիայի ներքին իրավիճակի վրա` ոտքի հանելով տեղի քրդերին ու հարցականի տակ դնելով թուրքական իշխանությունների «քրդական նախաձեռնության» ապագան:

Եվ ահա «Իսլամական պետության» հարցում Թուրքիայի երկակի և խուսափողական քաղաքականության ֆոնին, որը դժգոհություններ է առաջ բերում թուրքական պետության արևմտյան դաշնակիցների շրջանում, Թուրքիայի իշխանությունները հարված են ստանում նաև ՄԱԿ-ում:

Թուրքիան բավական լրջորեն էր պատրաստվել ու տրամադրվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում երկու տարով տեղ ունենալու համար: Այդ ուղղությամբ ակտիվ լոբբինգ էին կատարում Թուրքիայի առաջին այրերը` նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, դիվանագիտական ճակատի ներկայացուցիչները, թուրքական լրատվամիջոցները: Ընդ որում, ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու քայլերն ակտիվորեն թմբակահարվում էին Թուրքիայի ներսում` փորձելով այդ հարցում թուրքական իշխանությունների համար միավորներ վաստակել, սակայն, ինչպես երևում է, այդ քայլերը հակառակ ազդեցությունը կունենան:

Էրդողանն ինքն այս տարվա սեպտեմբերի վերջին Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին ներկայացել էր Թուրքիայի հայտի օգտին քարոզչություն կատարելու առաքելությամբ ևս: Եվ ահա հոկտեմբերի 15-ին կայացավ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության կազմակերպած և Չավուշօղլուի մասնակցությամբ անցած ընդունելությունը, որը նույնպես չօգնեց Անկարային բաղձալի անդամությունը ստանալ:

ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու ճանապարհը ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից քվեարկությունն է, որն անցկացվեց հոկտեմբերի 16-ին և որում էլ Թուրքիան ձախողեց` ստանալով սպասվածից զգալի քիչ ձայներ: 2015 թվականի հունվարի 1-ից երկու տարի ժամկետով ՄԱԿ-ի ԱԽ ժամանակվոր անդամներ են դառնալու Անգոլան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Վենեսուելան և Իսպանիան, որոնք փոխարինելու են Արգենտինային, Ռուանդային, Հարավային Կորեային, Ավստրալիային ու Լյուքսեմբուրգին: Եվրոպական երկրների շարքում Թուրքիան պարտվեց մյուս թեկնածուին` Իսպանիային, որի օգտին քվեարկեց շուրջ 130 անդամ պետություն, իսկ թուրքական կողմը քվեարկության երկրորդ վճռորոշ փուլում ստացավ մրցակցից երկու անգամ քիչ ձայն`  60, ինչը նրան դուրս թողեց պայքարից:

Հարկ է նշել, որ Թուրքիան մինչ այս ՄԱԿ ԱԽ-ում ժամանակավոր տեղ է ունեցել 5 անգամ, որից վերջինը` 2009-2010 թվականներին:

Առաջինն աչքի զարնող պատճառը, որը կարող է կապ ունենալ ՄԱԿ ԱԽ քվեարկության արդյունքների հետ, «Իսլամական պետության» հարցում Թուրքիայի քաղաքականությունն է. Թուրքիան չի շտապում ուղղակիորեն հանդես գալ ԻՊ-ի դեմ` որդեգրելով սպասողական դիրքորոշում: Սա ընթացիկ խնդիրներից է, իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից ավելի մեծ ժամանակահատվածի կտրվածքով Թուրքիայի ձախողումը կարելի է կապել Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի հարցում պաշտոնական Անկարայի` աշխարհում ոչ այնքան ընդունելի քաղաքականության հետ ևս, որը բացասական է ազդել այդ երկրի միջազգային իմիջի և վստահության գործակցի վրա: Այսպես, Եգիպտոսի ներկայիս իշխանություններին Թուրքիան համարում է ոչ օրինական, Անկարային մեղադրում են Սիրիայում իսլամիստական խմբերին աջակցելու համար, Իրաքի հարցում Թուրքիան քննադատվում է խաղաղ քրդերին չաջակցելու և ԻՊ-ի դեմ գործողություններ չիրականացնելու համար: Չենք մոռանում առկա խնդիրները Հունաստանի, Իսրայելի, որոշ հարցերում` նաև ԱՄՆ-ի հետ, մասնավորապես, ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում: Իրանի հետ հարաբերություններն էլ միանշանակ չեն, և այդպես շարունակ:

Եվ իհարկե, ասելով, թե սա Չավուշօղլուի պարտությունն է, պետք է նաև հասկանանք, որ այս պարտությունը հավասարապես կիսում են ինչպես նախագահ Էրդողանը, այնպես էլ թուրքական ներկայիս քաղաքականության ճարտարապետը` վարչապետ Դավութօղլուն:

Իհարկե, ՄԱԿ ԱԽ-ում տեղ չզբաղեցնելը մահացու հարված չէ Թուրքիայի համար, ամեն դեպքում, այն որոշակիորեն արտացոլում է այսօրվա դրությամբ միջազգային հարթակում Թուրքիայի ընկալումը, որը ստացված ընդհանուր պատկերով չի կարելի դրական համարել: Բացի այդ, ներքին դաշտում ՄԱԿ ԱԽ անդամակցության հարցում ակտիվ քարոզչությունը ու դրան հետևած ոչ դրական արդյունքը նույնպես բացասական և ցավոտ կարող է ընդունվել ներքին լսարանի համար, իսկ գալիք ամռանը սպասվող ընտրություններին ընդառաջ սա «պլյուս» չի լինի ներկայիս իշխանության զամբյուղում:

Եվ վերջում մեջբերենք քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Չավուշօղլուի թվիթերյան գրառումից մի հատված, որն ամփոփում է վերը ասվածը. «Մենք չենք դավաճանի մեր սկզբունքները` ձայներ ստանալու համար…»:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

 

Մեկնաբանություններ