Թուրքիայում 3 ժանդարմ է սպանվել. մեղադրում են քրդերին

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան, մեծամասամբ քրդաբնակ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում հարձակվել են Ժանդարմերիայի զինծառայողների վրա` սպանելով 3 հոգու: Թուրքական կողմը հոկտեմբերի 25-ին իրականացված զինված հարձակման համար մեղադրում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներին:

Փողոցում իրականացված հարձակման ժամանակ սպանվել են Թուրքիայի ժանդարմերիայի ավագ սերժանտ Ռամազան Գյուլլեն, շարքայիններ Յունուս Յըլմազn ու Ռամազան Քյոշեն: Նրանք եղել են քաղաքացիական հագուստով:

Թուրքիայի անվտանգության մարմինների հատուկ գործողությունների հետևանքով արդեն 5 կասկածյալ է ձերբակալվել: Հետաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև` HPG։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (պատմական հայկական Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (կեղծանունը՝ Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության դե ֆակտո ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական պետության դեմ շուրջ 30 տարվա զինված պայքարի ընթացքում զոհվել է 35 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

2013 թվականի մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև հրադադար հաստատվեց։

2013-ի սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց, թե դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։ Թեև հրադադարի ռեժիմը ներկայում շարունակվում է, սակայն թուրքական զինուժի ու քրդական ուժերի միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են լինում, ինչի հետևանքով նաև զոհեր են գրանցվում:

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ