Փեշմերգայի ստորաբաժանումները Թուրքիայի տարածքով մուտք են գործել Քոբանի

Իրաքյան Քրդստանի զինված ուժերի` Փեշմերգայի ստորաբաժանումները Թուրքիայի տարածքով անցել են Սիրիայի Քոբանի քաղաք, որտեղ օրեր շարունակ կատաղի մարտեր են քրդերի և «Իսլամական պետություն» խմբավորման միջև:

Քրդական ստորաբաժանումները Թուրքիայի տարածքով Սիրիա են մուտք գործել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) խիստ վերահսկողության ներքո:

Ինչպես հայտնում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը, Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Արբիլից Փեշմերգայի մարտիկներն ինքնաթիռով տեղափոխվել են ներկայիս Թուրքիայի Ուրֆա քաղաք, ուր հասել են կեսգիշերին մոտ: Ավելի ուշ քրդական խումբն անցել է թուրք-սիրիական սահմանը ու միացել ԻՊ-ի դեմ պայքարող տեղական քրդական YPG ստորաբաժանումներին: Փեշմերգայի ստորաբաժանումը Քոբանի անցնելու համար օգտագործել է թուրք-սիրիական սահմանի Մյուրշիթփընար սահմանային անցակետը:

Հիշեցնենք, որ միջազգային երկարատև ճնշումներից հետո Թուրքիան համաձայնել էր իր տարածքը տրամադրել Իրաքյան Քրդստանի զինված ստորաբաժանումներին` Սիրիայի Քոբանի քաղաք մուտք գործելու և «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ տեղի քրդերին աջակցելու համար: Ամեն դեպքում, Թուրքիան շարունակում է ԻՊ-ի դեմ ուղղակի ռազմական գործողություններին խուսափել:

Նյութը պատրաստեց` Հասմիկ Մովսիսյանը

allTurkey.am

Մեկնաբանություններ