Թուրքիայի անկախության առանձնահատուկ տոնը` քրդերի ռազմական շարասյուններով և ԻՊ-ի հարցում բեկումնային փոփոխությամբ

Փեշմերգա

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Թուրքիան փոխում է իր քաղաքականությունը ու թույլ տալիս իրաքյան քրդերի զինված ուժերին իր տարածքով անցնել ու միանալ Սիրիայի Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» դեմ մարտնչող նրանց սիրիաբնակ հայրենակիցներին: Փեշմերգայի` Թուրքիայի տարածքով Սիրիա մուտք գործելն էլ համընկնում է Թուրքիայի Հանրապետության անկախության տոնին` հոկտեմբերի 29-ին: Արդյունքում` խիստ յուրահատուկ խճանկար է ստացվում` մի կողմից Թուրքիան, որն ի վերջո ԻՊ-ի դեմ ուղղված շոշափելի քայլ է կատարում, մյուս կողմից էլ քրդերը, որոնց շարասյուններն անցնում են թուրքական քաղաքներով Թուրքիայի անկախության տոնին` ռազմական հանդիսավոր երթի տպավորություն թողնելով: Փորձենք ավելի դետալային դիտել այս խճանկարը:

Օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիան ի վերջո համաձայնել է Փեշմերգայի (հյուսիսիրաքյան քրդական ինքնավարության զինված ուժերի) մարտիկներին թույլ տալ իր տարածքով ռազմական օգնություն տրամադրել Սիրիայի հյուսիսի Քոբանի քաղաքում ԻՊ-ի դեմ պատերազմող քրդական ուժերին, որոնք աջակցող ուժի մեծ կարիք են զգում: Քրդերին այսպիսի օգնություն տրամադրումը Թուրքիայի բարի կամքի դրսևորում չէ, այլ անդրկուլիսյան դիվանագիտության, ԱՄՆ-ի կողմից ճնշումների և, ինչո՞ւ ոչ, քաղաքական առևտրի արդյունք է: Հարկ է հիշել, որ Թուրքիան փորձել ու փորձում է ամեն կերպ խուսափել ԻՊ-ի դեմ գործողություններից, թեև ԱՄՆ-ի ու արևմտյան այլ տերությունների ջանքերին` Թուրքիային ևս ամբողջապես ներգրավելու Սիրիայում և Իրաքում հաստատված ջիհադիստների դեմ պայքարի մեջ: Այսպիսով, կարելի է ասել պաշտոնական Անկարան շրջադարձային քայլ է կատարում` թույլ տալով քրդերին (!) իր տարածքով օգնության մեկնել իրենց սիրիաբնակ հայրենակիցներին` փոխելով իր կողմից հաստատված ստատուս-քվոն: Հարց է` Թուրքիան ինչ գնով և ինչի դիմաց է գնում այս քայլին, սա արդեն այլ պատմություն է, բայց ոչ պակաս կարևոր:

Այսպիսով, Թուրքիան ԻՊ-ի քաղաքականությունում ստիպված է որոշակի հետքայլ կատարել` թույլ տալով իր տարածքն օգտագործել իսլամիստներին հարվածելու համար, սակայն դեռ հաջողեցնում է պահել ԻՊ-ի դեմ ուղղակի ռազմական գործողություններ չսկսելու քաղաքականությունը:

Անդրադառնանք քրդերին: Հոկտեմբերի 29-ին Փեշմերգայի շուրջ 200 հոգանոց խումբն օդային և ցամաքային ճանապարհներով Իրաքից անցավ Թուրքիա, ապա հատելով թուրք-սիրիական սահմանը` հատվածաբար մեկնեց Քոբանի, որտեղ կատաղի մարտերը շարունակվում են ԻՊ-ի ու Սիրիայի քրդերի «Ժողովրդի պաշտպանության ջոկատների» (YPG) միջև:

Այսպիսով, հոգեբանական և ռազմական տեսանկյունից Քոբանիի քրդերի համար սա խիստ կարևոր աջակցություն էր, քանի որ մեծ հաշվով նրանք շրջափակման մեջ էին (մի կողմից ԻՊ, մյուս կողմից Թուրքիայի փակ սահման), և միայն ամերիկյան ավիացիայի ինտենսիվ հարվածներն էին որոշակիորեն արգելակում ԻՊ-ի ավելի արդյունավետ գործողությունները: Այժմ առնվազն հոգեբանական տեսանկյունից առավելությունն անցնում է քրդերի կողմը, և ժամանակը ցույց կտա, թե ինչպես նրանք կօգտվեն արտաքին այս աջակցությունից` Քոբանիում ԻՊ-ի դեմ հաղթանակի հասնելու համար: Իսկ որ իսլամիստները հեշտությամբ չեն զիջի պայքարը, ակնհայտ է:

Եվս մեկ կարևոր ու խորհրդանշական էր Փեշմերգայի` Թուրքիայով անցնելու գործընթացը: Թուրքիայի հարավարևելյան տարածքներով քուրդ զինվորականների շարասյունների անցումն իսկական ֆուրոր էր առաջացրել տեղի քուրդ բնակիչների շրջանում: Տպավորություն էր, թե իրաքյան քրդերը հաղթական երթով են անցնում քրդերի մի մասի համար այդքան ատելի թուրքական պետության տարածքով: Փեշմերգայի շարասյուններին դիմավորում էին քրդերի հոծ խմբեր` ծածանելով քրդական դրոշներ, բացականչություններով, խանդավառությամբ ուղեկցելով իրաքյան քրդերին: Ստեղծված իրավիճակում հնարավոր չէր լինում խուսափել ոգևորված ամբոխի և թուրք իրավապահների միջև բախումներից:

Իհարկե, այս ամենն ինքնին խիստ հետաքրքրաշարժ մի տեսարան էր, սակայն անհամեմատելի ավելի ազդեցիկ տպավորություն էր ստեղծում այն, որ հոկտեմբերի 29-ին Թուրքիայում նշում են հանրապետության հռչակման օրը: 91 տարի առաջ` 1923 թվականի հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետությունը հռչակվեց որպես անկախ պետություն, իսկ Թուրքիայում պետական տոներին չափացանց նուրբ են մոտենում: Թուրքական լրատվամիջոցներն էլ չէին թաքցնում ստեղծած իրավիճակի առանձնահատկությունը` թաքույց, թե անթաքույց այս փաստը դառնորեն արձանագրելով:

Հ.Գ. Թուրքիայի անկախության տոնն այսքանով չավարտվեց: Հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ դիմակավոր անձինք, որոնց թուրքական աղբյուրները շտապեցին ներկայացնել որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներ, Դիարբեքիրում ծանր վիրավորել են Թուրքիայի ժանդարմերիայի զինծառայողի: Հերթական նման դեպքը` վերջին մի քանի օրերին: Այս տարի թուրքական ազգային տոնը փչացնելու միակ մեղավորները, սակայն, քրդերը չէին, ավելի վաղ Թուրքիայի Քարաման նահանգի ածխահանքերից մեկում փլուզում էր եղել, ինչի հետևանքով փլատակների տակ 18 հանքափոր է արգելափակվել: Այս պատճառով էլ Թուրքիայի նախագահը որոշել էր չեղյալ հայտարարել ավանդական տոնական ընդունելությունը:

Լուսանկարում` Փեշմերգայի շարասյունը հոկտեմբերի 29-ին անցնում է ներկայիս Թուրքիայի Մարդին քաղաքով

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ