Էրդողանը Ֆրանսիայում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին և Հայոց ցեղասպանությանը

Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Ֆրանսիայում է, որտեղ հասցրել է անդրադառնալ նաև հայկական հարցին:

Սա Էրդողանի` Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջին այցն է Ֆրանսիա, որտեղ այլ հարցերի հետ մեկտեղ ուշադրության է արժանացել նաև Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական կագրավորման թեմաները:

Էրդողանը հոկտեմբերի 31-ին հանդես է եկել Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որտեղ շարունակել է Հայոց ցեղասպանության հարցը կապել քաղաքականության և ոչ պատմական արդարության  հետ:

«Մենք շարունակելու ենք մեր ջանքերը 2015-ին ընդառաջ, երբ նշվում է 1915 թվականի դեպքերը, իրական պատմությունը ներկայացնելու ուղղությամբ: Վստահ ենք, որ այս հարցում հաղթանակը լինելու է իրական պատմության, ոչ քաղաքականացված կամ գաղափարականացված պատմության կողմը: Հավատում ենք, որ Ֆրանսիան ևս այս հարցում ողջամիտ և իրականությանը համապատասխան դիրքորոշում կորդեգրի»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին` նշելով, թե «նախաձեռնողն այս հարցում միայն թուրքական կողմն է»:

«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններն այլ ուղղությամբ զարգացնելու քայլեր է կատարում, սակայն Հայաստանի կողմից իր դրական նախաձեռնություններին պատասխան չի ստանում»,-նման կերպ է մեկնաբանել Էրդողանը հայ-թուրքական կարգավորման հարցը:

Հարկ է հիշեցնել, որ հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլ անցնելու համար Թուրքիան վերջին տարիներին խոսում է նախապայմանների լեզվով` առաջ քաշելով Արցախյան հիմնախնդրի` Ադրբեջանին ձեռնտու կարգավորման հարցը, թեև հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ