Թուրք բարձրաստիճան գեներալի` «հատուկ նշանակության» ելույթն առաջնագծում

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության զորքեր

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Հնարավոր չէր անտարբեր անցնել օրերս թուրքական մի շարք առաջատար լրատվամիջոցների գլխավոր լուրերի շարքում տեղ գտած մի տեղեկության կողքով, որում նշվում էր, թե թուրքական բանակի հատուկ նշանակության զորքերի հրամանատարն այցելել է Ադրբեջան, ապա հայ-ադրբեջանական շփման գիծ (Արցախի հատված), որտեղ հանդիպել է ադրբեջանցի սահմանապահ զինծառայողներին, դիտել հայկական մարտական դիրքերը և հայտարարություններ արել: Իհարկե, թուրք բարձրաստիճան զինվորականի այցն առաջնագիծ իրադարձային էր, քանի որ հաճախակի Բաքու մեկնող թուրք զինվորականներն ամեն անգամ չէ, որ այցելում են հայ-ադրբեջանական սահման (և ինչն ակտիվորեն լուսաբանում են թուրքական աղբյուրները): Ուշադրություն էր գրավում նաև նրա` իր զբաղեցրած պաշտոնին այնքան էլ չհամապատասխանող ելույթն առաջնագծում` ադրբեջանական բանակի զինծառայողների համար:

Այժմ ավելի մանրամասն: Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Զեքաի Աքսաքալլըն նոյեմբերի 6-ին այցով Ադրբեջանում էր, իսկ նոյեմբերի 9-ին մեկնել էր առաջնագիծ, որտեղ զրուցել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հետ, դիպուկահար հրացանի նշանառման օպտիկական համակարգով դիտել հայկական զինված ուժերի մարտական դիրքերը: Հետաքրքրություն առաջացրած այցն առավել մեծ ուշադրություն գրավեց առաջնագծում թուրք գեներալի` ադրբեջանցի զինվորներին ուղղված «ոգևորող» խոսքով. «Ձեզանով հպարտանում եմ: [….] Թուրքիան մշտապես Ադրբեջանի կողքին է: Ադրբեջանի և Թուրքիայի զինվորներն անպարտելի են: Պատերազմներում մենք սա բազմիցս ցուցադրել ենք»:

 

Այս խոսքերից հետո կարող ենք մտածել, որ թուրք գեներալը կամ հայտնի պատմական փաստերին չի տիրապետում, կամ էլ ուղղակի իր շրջապատին հիմարի տեղ է դրել: Չգնալով վաղ անցյալ` բավական է հիշել Արցախյան պատերազմը, որտեղ ադրբեջանցիները կատարյալ ռազմական պարտության կրեցին, իսկ Թուրքիան, մեծ հաշվով, Ադրբեջանի կողքին չեղավ, ինչպես փորձում էր համոզել բարձրաստիճան թուրք զինվորականը: Բավական թույլ ու անհիմն, «պաթոս 99 լվլ» մակարդակի ելույթ էր` փաստերի խեղաթյուրումով: Միգուցե լսարանի պահանջներն էին այդքան ցածր, թե ուղղակի դասախոսը լավ պատրաստ չէր: Սա գեներալ-մայոր Աքսաքալլըն ինքը կիմանա:

 

Չկենտրոնանալով միայն գեներալի ասած խոսքերի վրա` հարկ է կանգ առնել այս այցի մյուս կետերի վրա: Մասնավորապես, տեղեկությունները շատ են, որ ադրբեջանական բանակի հատուկջոկատայինները պատրաստություն են անցնում կամ Թուրքիայում, կամ էլ թուրք ռազմական տեսուչների ղեկավարությամբ: Թեև Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը չի կարելի անվանել բարձր մակարդակի, այնուամենայնիվ, ռազմական կրթության առումով երկու պետություններն էլ սերտ համագործակցում են, ինչը ցույց է տալիս թուրքական ռազմական և ռազմաբժշկական կրթական հաստատություններում սովորող ադրբեջանցիների բավական մեծ թիվը: Այնպես որ սպասելի է, որ այս այցի արդյունքներով թուրք և ադրբեջանցի հատուկջոկատայինների միջև համագործակցությունը կխորանա, նոր պայմանավորվածություններ կլինեն: Սա այն ոլորտը չէ, որի մասին բոլոր մանրամասները հասանելի կլինեն հասարակության լայն շերտերին, սակայն մեր պետության համապատասխան կառույցներն ուշադրության կենտրոնում պետք է պահեն այն:

 

Հետգրության փոխարեն

Սպասելի էր, որ թուրք գեներալի այցն առաջնագիծ ու նմանատիպ հայտարարությունը կգրավի հայկական լրատվամիջոցների ուշադրությունը:

Բայց հայկական որոշ լրատվամիջոցներ փորձեցին լինել «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»` այցը համեմելով սեփական պատումներով, որոնցից մեկն էլ այն էր, թե թուրք գեներալը ոչ միայն դիտել է հայկական մարտական դիրքերը, այլ նաև դիպուկահար հրացանով կրակ արձակել Արցախի դիրքապահների ուղղությամբ: Թուրք գեներալի այցի վերաբերյալ աղբյուրը` թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունն ու նրանից նյութն արտատպած թուրքական լրատվամիջոցների մոտ որևէ հիշատակում չկար կրակոցի մասին, իսկ այդ ո՞ր աղբյուրը նրանց հուշեց, թե թուրք գեներալ-մայորը դիտելուց բացի դեռ մի հատ էլ կրակել է Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: Արդյո՞ք պետք է մեզ նման մոտեցում, երբ ինքներս ենք ստիպում թուրք գեներալին «կրակել» մեր դիրքապահների ուղղությամբ:

Եվ վերջում, նման ելույթներ նախընտրող թուրք գեներալի համար օգտակար է դիտել «անպարտելի ադրբեջանցիներին» Արցախի հերոսամարտում հաղթած հայկական բանակին` իր ելույթի և իրականության միջև տարբերությունները հասկանալու համար:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ