«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը` Թեհրանում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Թեհրանի հայոց թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ Թեհրանում բացվեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը և տեղի ունեցավ համանուն գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև գրքի հեղինակ պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նոյեմբերի 14-ին «Արարատ» մարզամշակութային համալիրի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպված ցուցահանդեսին, ներկայացվել էին միջազգային մամուլի առաջին էջերի 60 պատկերներ, որոնք արտացոլում են մարդկության և քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում:

Ցուցահանդեսում ներկայացված նմուշների մեջ տեղ են գտել նաև մի քանի օրինակներ ժամանակի պարսկական մամուլի էջերից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Թեհրանի հայոց թեմի հանձնախմբի ատենապետ Արմենուշ Առաքելյանն, ապա օրվա բանախոս Հայկ Դեմոյանն անդրադարձավ գրքի և ցուցադրության ներկայացմանը:

«Գրքի ու ցուցադրության հզորությունը կայանում է նրանում, որ կարող ենք ուղղակի ցուցադրել` առանց որևէ լրացուցիչ մեկնաբանության»,-նշեց Հայկ Դեմոյանը և ավելացրեց. «Մեր ռազմավարության մեջ պէտք է նկատի ունենանք 3 լսարաններ: Առաջինը միջազգային լսարանը: Մենք ցանկացած երկրի հիշողության և պատմության հետ ագուցված պետք է ներկայացնենք Ցեղասպանութեան թեման: 2-րդ լսարանը՝ թուրքականն է, իսկ 3-րդը՝ հայկականը և մենք պետք է մրցունակ և հոգեբանորեն ուժեղ սերունդ դաստիարակենք թե՛ Սփյուռքում, թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում»:

Նա հանգամանորեն անդրադարձավ Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին:

Օրվա միջոցառմանը ներկա էին Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը և դեսպանության աշխատակազմը, Իսլամական խորհրդարանում իրանահայ զույգ պատգամավորները, ազգային իշխանության ու մարմինների, միությունների, «Ալիք» հաստատության ներկայացուցիչները և հրավիրյալներ:

Իսկ նոյեմբերի 16-ին «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը ներկայացվեց նաև «Արասբարան» մշակութային համալիրում:

Աղբյուր` ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ