Հեղափոխական մի կյանք՝ Զաբել Եսայան

Զաբել Եսայան

Սարո Դադյան

Հայ գրող և գրականագետ Զաբել Եսայանի` Սկյութարից մինչև Սիբիր ձգվող կենսագրությունը… 20-րդ դարի սկզբին հայ գրականությանը նոր շունչ հաղորդած Զաբել Եսայանը ողջ կյանքի ընթացքում ոչինչ ռոմանտիզմի չվերածեց, երբեք թեորիայով կամ կլիշեներով չգրեց և չխոսեց: Նա կյանքի ընթացքում իր փիլիսոփայությունից դուրս չգործեց, մշտապես պայքարեց և իր պատկերացրած իրականությունը բառացիորեն արտացոլեց իր վեպերում և պատմվածքներում:
1878թ. փետրվարի 5-ին լույս աշխարհ եկած Զաբել Եսայանը, օրիորդական անունով Զաբել Հովհաննիսյան, նախնական կրթություն է ստացել Սկյութարի Սուրբ Խաչ հայկական վարժարանում: Հայրը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, մեծ դեր է խաղացել Զաբելի՝ որպես անձ կայացման, նրա մտածողության ձևավորման մեջ, ոգեշնչել և ուղղորդել է նրան` հայ ժողովրդի` այդ ժամանակվա դժվարություններին դեմ հանդես գալու համար:
Մկրտիչ Հովհաննիսյանն, ով աղջկա հետ երկար զրուցում և իր մտքերը, քաղաքական հայացքները փոխանցում էր նրան, գրականության աշխարհ մուտք գործել պատրաստվող Զաբելի ամենամեծ աջակիցն էր: Զաբել Եսայանը հետագա տարիներին գրած «Առաջին սերմեր» անվանմամբ ինքնակենսագրականում հաճախ էր հիշատակում այս զրույցների և հոր աջակցության մասին:
Զաբել Եսայանը, ով հավատում էր, որ լավ գրող լինելու միակ ուղին լավ կրթություն ստանալն ու ինքանազարգացումն է, ցանկանում էր կապեր հաստատել ժամանակի գրականագետների հետ և նրանց առաջնորդության կարիքն էր զգում:
Եսայանն իր «Տիկին Տյուսափն ու Թովմաս Թերզյանը» աշխատության մեջ գրում է, որ իր դասընկեր Արշակուհու հետ հայտնի ֆեմինիստ գրող Սրբուհի Տյուսափի` Բեյօղլուի տուն էր գնում և ահա այնտեղից դուրս գալուց երկուսն էլ գրող դառնալու որոշում են կայացնում:
Նույն տարիներին Զաբելը Պոլսում առաջին հայկական մանկապարտեզների հիմնադիր Գայանե Մադաղյանի գրական խմբակն է կարողանում ընդգրկվել: Այս կերպ Արփիար Արփիարյանի, Լևոն Փաշալյանի և Տիգրան Կամսարականի նման հայտնի գրականագետների հետ ծանոթանալու հնարավորություն է ստանում: Մասնակցել է գրականության, քաղաքականության և ազգային հարցերի վերաբերյալ նրանց զրույցներին: Նրա առաջին հրատարակած «Երգ առ գիշեր» գրական ստեղծագործությունը լույս է տեսել «Ծաղիկ» ամսագրում, որի խմբագիրը Արշակ Չոբանյանն էր, ում հետ Զաբելը ծանոթացել էր այս խմբակի շրջանակներում: Միևնույն ժամանակ Զաբելն այս խմբակում է ծանոթացել նաև իր ապագա ամուսնու՝ նկարիչ Տիգրան Եսայանի հետ, ում ազգանունն էլ վերցրել է:
Մադաղյանի խմբակը կարևոր դեր է խաղացել Եսայանի՝ գրական շրջանակների հետ ծանոթանալու և կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքի ձևավորման հարցում: Նա հենց այս սրահում է կարճ ժամանակում տեսել, թե մարդկանց մեջ հիացմունք առաջացնող և իրենց խոսքով հասարակությանն ուղղորդող այս մարդիկ իրականում որքան փոքրոգի կարող են լինել կամ ինչպես կարող են իրենց խոսքով հակասել իրենց գործողություններին, և գծել է իր ուղին:
1890-ական թթ. տեղի ունեցած ապստամբությունների, քաղաքական հուզումների և ջարդերի հետևանքով օսմանյան հայերի համար դժվար տարիներ էին: Այս պատճառով Զաբելը 1895թ. դեկտեմբերին հոր խորհրդով կրթությունը շարունակելու նպատակով մեկնել է Փարիզ: Այսպիսով Սորբոնի համալսարանում և Քոլեջ դը Ֆրանսում գրականության և փիլիսոփայության դասընթացներին մասնակցող Զաբելը համալսարանում սովորող առաջին հայ կանանցից մեկն էր: Սովորելու տարիներին էլ ապրուստի միջոց ապահովել կարողանալու համար իր գրական գործունեությունը շարունակել է Փարիզում:
Զաբել Եսայանը 1900թ. Փարիզում ամուսնանում է Տիգրան Եսայանի հետ և լույս աշխարհ բերում աղջկան՝ Սոֆիին և տղային՝ Հրանտին: 1902թ. Եսայանների ընտանիքը վերադարձավ Ստամբուլ: Զաբել Եսայանի գրական կյանքում ամենակարևոր ստեղծագործություններից մեկը՝ «Սպասման սրահին մէջ» վեպը հրատարակվել է 1903թ. Ստամբուլում: Եսայանների ընտանիքը, չկարողանալով Ստամբուլում ապրուստի միջոց վաստակել, 1905թ. Փարիզ է վերադառնում: Նույն տարում Զաբել Եսայանը հայ մտավորականներին ծաղրող «Կեղծ հանճարներ» անվանումով վեպն է սկսում, բայց քանի որ վեպում կերպաների անուններն իրական էին, այն կիսատ է թողնում:
1908թ. երիտթուրքական հեղափոխությունից հետո Ստամբուլ վերադարձած Զաբել Եսայանը, ի տարբերություն շատ մարդկանց, սահմանադրական Թուրքիային ռոմանտիկ աչքերով չէր նայում: Մինչ հայկական կոմիտեների անդամները Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների հետ միասին գերեզմանոցներում տված խոստումներում երկրի իրավիճակի և ապագայի մասին ուտոպիստական պատկերներ էին գծում, Եսայանը հեշտությամբ կարողացավ տեսնել, որ չնայած հեղափոխությանը, ոչինչ չի կարող փոխվել, նույնիսկ ավելի կվատանա: Նման իրատես անձնավորություն լինելուև իրադարձությունները ճիշտ ձևով վերլուծելով գնահատելու հատկանիշի շնորհիվ սկսեց ամեն օր մի քիչ ավելի քաղաքականացված խոսքով հանդես գալ և ժողովրդին հեղափոխության կոչեր անել: Այդ տարիներին Դաշնակցություն կուսակցությանն է անդամագրվել: Սակայն կարճ ժամանակ անց Դաշնակցությունից դուրս է եկել:
Կանանց հարցի վերաբերյալ Զաբել Եսայանի հայացքներն էլ են նման կերպ ձևավորվել: Եսայանը, ով ի տարբերություն իր ժամանակակից Զաբել Ասատուրի պես գրողների, իրեն ֆեմինիստ չէր որակում և երկար տարիներ ձեռնպահ էր մնում ֆեմինիզմի վերաբերյալ հոդվածներ գրելուց, հավատում էր, որ պետք է իրատեսական ձևով նայել հասարակության մեջ կնոջ դերին և ենթարկվող անարդարություններն: Վեպերում և հոդվածներում անարադարությունների ենթարկվող և տանջվող կանանցից շատ նախընտրում էր ներկայացնել ստորին խավի տղամարդկանց և կանանց թշվառությունը: Կրկին հայրը մեծ ներդրում ունեցավ կանանց ազատականացման մասին Եսայանի տեսակետների ձևավորման վրա և նրան դրդեց հոդվածներ գրել կանանց իրավունքների մասին: Զաբել Եսայանն իր ինքնակենսագրականում հոր՝ իր վրա թողած ազդեցության մասին գրում է.
«Մի երեկո հայրս ինչ-որ թերթի առաջին համարը բերեց և խորհուրդ տվեց ինձ այսուհետ պարբերաբար կարդալ այդ թերթը: Թերթ, որին բաժանորդագրվել էր հայրս, Հովհաննես Շահնազարյանի հրատարակած «Հայրենիք» օրաթերթն էր: Հայրս ինձ կողմնորոշում էր գրել կանանց ազատության թեմայով: Այն կարծիքին էր, որ այս հարցը լուծվելու էր միայն կանանց և տղամարդկանց հավասար կրթություն ապահովելու միջոցով: Ինձ իր տեսություններն էր թելադրում, ես էլ գրում էի»:
Զաբել Եսայանը, ով ասում է, որ սկզբնական շրջանում կանանց ազատության մասին գրում էր միայն հորը գոհացնելու համար, այս հարցում հոր հետ համակարծիք չէր: Եսայանը հոր նման չէր հավատում, որ կանայք կանկախանան այն ժամանակ, երբ ճանաչվի տղամարդկանց հետ հավասար կրթություն ստանալու կանանց հնարարավորությունը: Զաբել Եսայանը կանանց անկախացման համար պաշտպանում էր ամբողջ համակարգի փոփոխման անհրաժեշտությունը և այս շարժումը սկսում էր նախևառաջ իր կյանքում:
1909 թ. ապրիլին Ադանայում տեղի ունացած հայկական ջարդերը Զաբել Եսայանին ցույց տվեցին, որ երիտթուրքերի հեղափոխության հարցում անիրավացի չէր: Իրադարձությունները տեղում ուսումնասիրելու և առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու համար Ադանա մեկնող քաղաքական գործիչների և մտավորականների մեջ էր նաև Զաբել Եսայանը: Եսայանը, երեք ամիս անցկացնելով Ադանայում, իր զննումները, կատարած հետազոտությունները, վկայություններն ու Ադանայի զոհերի պատմածները «Ավերակներուն մեջ» գրքում ամփոփելով, հրատարակեց այն Ստամբուլում 1911 թ.: Զաբել Եսայանը զգուշանալով, որ ինքն էլ չենթարկվի 1915 թ. ապրիլի 24-ին Ստամբուլի հայ մտավորականների ձերբակալությամբ անհայտ ճանապարհորդությանը, թաքնվեց մի հիվանդանոցում: Իրեն ներկայացնելով նախ որպես թուրք կին, հետո էլ` հույն ժայնակագործ` փախավ Բուլղարիա: Այս ընթացքում որդին` Հրանտը, Ստամբուլում իր հետ էր մնում, իսկ աղջիկը` Սոֆին և ամուսինը` Տիգրանը, Փարիզում էին: 1915 թ. Բուլղարիայից փախչող Զաբել Եսայանը որդուն մեկ անգամ ևս կարողացավ տեսնել միայն 1917 թ.: Որպեսզի կարողանա օգնել հայ փախստականներին ու որբերին, 1917 թ. Բաքվում էր աշխատում: Նույն թվականին հրատարակվեց «Ժողովուրդի մը հոգեվարքը» վեպը: 1918 թ. Միջին Արևելքի չորս կողմերում ցրված հազարավոր հայ որբերին օգնելու համար հեռացավ Բաքվից: 1920 թ. Արշակ Չոբանյանին գրած իր նամակում այս հարցի առնչությամբ հետևյալն է ասում. «Ողջ հայ ժողովուրդը վտանգի մեջ է, և առաջնային խնդիրը այս ազգի ֆիզիկական գոյությունը պահպանելն է: Ես որբերին ու աքսորյաներին փրկելու գործն ինձ վրա եմ վերցրել»:
1921 թ. Փարիզ վերադառնալով` Զաբել Եսայանը սկսեց աշխատել որպես «Երևան» ամսագրի խմբագիր: Եսայանը, ով գրականությունը դիտում էր որպես ազդեցիկ ուժ և հավատում էր, որ այն հայերին մի տեղ հավաքելու միակ ճանապարհն է, 1923 թ. «Երևան» ամսագրում ընթերցողներին այս կերպ է դիմում. «Գրականությունը որպես չորս կողմերում ցրված մեր ժողովրդին մի տեղում պահելու ամենաուժեղ կապ դիտարկելու և ըստ այդմ գործելու ժամանակն է եկել»:
1926-1927 թթ. Զաբել Եսայանն այցելել է Մոսկվա և Խորհրդային Հայաստան, 1928 թ. Մարսելում հրատարակել «Ազատագրված Պրոմեթևս» ստեղծագործությունը, որում նկարագրում է այցելության տպավորություններն ու գովերգում խորհրդային համակարգը: 1933 թ. Եսայանը տեղափոխվում է Հայաստան, ընդգրկվում Հայ գրողների միության ղեկավար խորհրդի մեջ և արևմտահայ գրականության դասեր տալիս Երևանի պետական համալսարանում: 1934 թ. հրատարակվեցին «Կրակե շապիկ», իսկ 1935 թ. «Սիլիհտարի պարտեզները» վեպերը: Այս գրքերը եղան Եսայանի վերջին ստեղծագործությունները, 1937 թ. ստալինյան բռնաճնշումների ընթացքում ձերբակալվեց և Սիբիր աքսորվելով` մահացավ 1942 կամ 1943 թ., անհայտ պայմաններում:
Զաբել Եսայանի կյանքն ու գաղափարները, ով ամբողջ կյանքի ընթացքում գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վեպեր ու թատերական պիեսներ, այլ չորս կին գրողների հետ միասին 2006 թ. հրատարակվեց «Արդարության ճիչ» անվամբ աշխատություն` Լերնա Էքմեքչիօղլուի և Մելիսսա Բիլալի խմբագրությամբ, «Արաս» հրատարակչության կողմից: Եսայանի «Ավերակներուն մեջ» ստեղծագործությունը թուրքերեն է տպագրվել «Արաս», իսկ «Սիլիհտարի պարտեզները» վեպը` «Բելգե» հրատարակչությունների կողմից:

Սկզբնաղբյուր`Bianet

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Աղբյուր`Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ