Թուրքիայի ոստիկանությունը կհամալրվի ևս 5000 ոստիկանով

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան Սևծովան երկրների առափնյա պաշտպանության ծառայությունների համագործակցության ֆորումի ընթացքում խոսել է Թուրքիայում ոստիկանների թվի ավելացման կարևորության մասին։

«Մենք փորձում ենք ապահովել ժողովրդի կյանքի և գույքի անվտանգությունը՝ միևնույն ժամանակ կարևորելով նրանց իրավունքների և ազատության երաշխավորումը»,- նշել է նախարարը:

Էֆքան Ալան հավելել է նաև, որ ստեղծվելու է համապարփակ ներքին անվտանգության փաթեթ, որի շրջանակներում ներգրավվելու է շուրջ 5000 ոստիկան, իրականացվելու են մի շարք կառուցվածքային փոփոխություններ:

ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիան մեկ շնչին բաժին ընկնող ոստիկանների թվով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այս ցուցանիշով այն զիջում է միայն Ռուսաստանին, որտեղ ամեն 100 000 մարդուն բաժին է ընկնում 564,6 ոստիկանության աշխատակից, իսկ Թուրքիայում նույն թվով մարդկանց բաժին է ընկնում 474,8 ոստիկան: Զեկույցում նշվում է նաև, որ 3-րդ տեղում է Իտալիան, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Պորտուգալիան և Հոնկոնգը:

Նյութը պատրաստեց Հասմիկ Մովսիսյանը

allTurkey.am

Մեկնաբանություններ