Ցեղասպանություններին նվիրված միջազգային ֆորում` Մոսկվայում

Նոյեմբերի 28-ին Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելում» տեղի ունեցավ «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» խորագրով միջազգային ֆորում: Ֆորումին իրենց մասնակցությունն ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը և ՀՑԹԻ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանը:

ՀՑԹԻ տնօրենը հանդես եկավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. հետադարձ հայացք մեծ ողբերգությանը» զեկույցով: «Ցավոք սրտի` ապրելով 21-րդ դարում, ժամանակակից սերունդը ցեղասպանությունը տեսնում է օնլայն: Ամենից սարսափելին այն է, որ մենք սովորել ենք նայել և հանդուրժել այդ ամենը», – նշեց Հայկ Դեմոյանը և ավելացրեց, որ պատերազմներն ու ցեղասպանությունները չպետք է մոռացվեն. սա ժողովուդների և պետությունների անվտանգության հարց է:

Ֆորումը համատեղ կազմակերպել էին «Արդար աշխարհ» ինստիտուտը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ընկերակցությունը, ՌԴ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտը, Կրոնի և կրոնական հանդուրժողության ուսումնասիրության կենտրոնը (Բելգրադ):

ֆորումում քննարկվող հարցերն էին. Ցեղասպանության հետևանքների վերացումը և էթնոմշակութային հանդուրժողության ձևավորումը ժամանակակից աշխարհում, Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից իրավիճակը Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավ-Արևելյան Ասիայում, Ցեղասպանության թեման ԶԼՄ-ներում, Ցեղասպանության փաստի իրավա-քաղաքական ճանաչման դիտանկյունները:

Ֆորումին մասնակցում էին ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Է. Պամֆիլովան, ՌԴ Պետական Դումայի փոխխոսնակ Ն. Լևիչևը, ՌԴ Պետական Դումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար, «Արդար աշխարհ» ինստիտուտի տնօրեն Ս. Միրոնովը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յու. Նավոյանը, ակադեմիկոս Ա. Դավիդսոնը, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Վ. Սումսկին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Ն. Վելիկայան, ՎՇԷ-ի պրոֆեսոր Ի. Կրիվուշինը, «Ազգային պաշտպանություն ամսագրի» խմբագիր Ի. Կորոտչենկոն, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ս. Բաղդասարովը, վերլուծական և ակադեմիական հաստատությունների ուրիշ ներկայացուցիչներ:

Ֆորումին մասնակցելու համար Մոսկվա էին ժամանել նաև միջազգային ճանաչված մասնագետներ, պրոֆեսորներ Յ. Աուրոնը (Իսրայել), Կ. Ֆոտիադիսը (Հունաստան), Մ. Եվտիչը (Սերբիա): Հայաստանից հրավիրված գիտնականների թվում են ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Անահիտ Խոսրոևան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ Վ. Պողոսյանը:

«Պրեզիդենտ հոթելի» սրահում տեղի ունեցավ նաև վավերագրական նյութերի ցուցահանդես` նվիրված հայերի և ուրիշ ազգերի ցեղասպանություններին: Ֆորումի արդյունքները կամփոփվեն հոդվածների ժողովածուի տեսքով:

Աղբյուր` ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ