Մուշի պատմական հայկական տներում ուսումնասիրություն է անցկացվել

Ներկայիս Թուրքիայի Մուշ քաղաքում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության

ստեղծած հանձնաժողովը նոյեմբերի վերջին «Քաղաքային փոխակերպում» անունով ուսումնասիրություն է անցկացրել հայկական պատմական թաղամասում, որտեղ վերջին շրջանում հայկական տներ էին ոչնչացվել:

Հանձնաժողովի անդամները այցելել են Մուշի հայկական թաղամասը, որը հնում անվանվել է «Ամրոց», ուսումնասիրել հայկական տների, եկեղեցու, այլ շինությունների վիճակը:

Աշխատանքներից հետո հանձնաժողովի անդամները կոչ են արել պահպանել այս շրջանի պատմությունը, որը գալիս է ուրարտական շրջանից:

Մուշ քաղաքի ամենահին կառույցներից մեկը համարվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը ևս այս թաղամասում է, ոչնչացման եզրին է: Հայկական «Ակօսի» շաբաթաթերթն ավելի վաղ ահազանգել էր եկեղեցու իրավիճակի մասին, ինչից հետո նախկինում հայկական ընտանիքին պատկանող մի տուն և այդ եկեղեցին անցել են Էրզրումիի «Մշակութային արժեքների պահպանություն» կազմակերպության հովանավորության տակ: Այս ամենից հետո էլ, սակայն, եկեղեցին նույն անմխիթար վիճակում է:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին Ցեղասպանությունից հետո վերածվել էր մասնավոր սեփականության:

Նշենք, որ այս տարի Թուրքիայում որոշել էին քանդել նախկինում հայերին պատկանած Մուշի 500 պատմական տները՝ տեղում այլ շինություններ կառուցելու նպատակով։

Տեղի իշխանությունները ոչնչացրել էին տների 80 տոկոսը, սակայն ավելի ուշ որոշում է կայացվել դադարեցնել ապամոնտաժման աշխատանքը։

Նյութը պատրաստեց Դոնարա Թորոսյանը

allTurkey.am

Մեկնաբանություններ