Ինչո՞ւ են Թուրքիայում հայկական անուններով նորից կոչում գյուղերը. Անդրանիկ Իսպիրյան

Թուրքիայում վերջին շրջանում մի շարք գյուղեր, փողոցներ եւ թաղամասեր վերանվանվել են նախկին՝ հայկական եւ քրդական անուններով։ Վերջին օրերին էլ Վանում 704 տեղանուն վերանվանվել է հայկական եւ քրդական անուններով։ Այս հարցի հետ կապված NEWS.am-ին մեկնաբանություն է տվել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Թուրքիայում հայկական անուններով տեղանունները դեռեւս օսմանյան շրջանում են սկսվել թուրքականացվել։ Իսկ Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո դրանք զանգվածային բնույթ են կրել եւ տարիներով աշխատանք է տարվել այդ ուղղությամբ։  Տեղանունների թուրքականացման գործընթացը շարունակվել է մինչեւ 1990-ականներ։ Տարբեր աղբյուրների համաձայն Թուրքիայում թուրքականացվել է ավելի քան 50 000 տեղանուն։

Պետք է նշել, չնայած շատ տեղանուններ փոխվել են տասնյակ տարիներ առաջ, սակայն բնակչությունը դրանք կոչում է  նախկին անուններով։

Վերջին տարիներին Թուրքիայի արեւելյան շրջաններում իրենց ազդեցությունն ուժեղացրած քրդական կուսակցության անդամները տարբեր միջոցներով փորձեր էին կատարում թուրքականացված տեղանունները կրկին վերանվանել հին անուններով։

Իր հերթին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը քրդական հարցի կարգավորման եւ այսպես ասած «ժողովրդավարացման» շրջանակներում ստիպված է լինում որոշակի զիջումների գնալ տեղանունների վերանվանման մասին օրենքում՝ հեշտացնելով գյուղերի, թաղամասերի ու փողոցների վերանվանումները նախկին անուններով։

Օրենքի ընդունումից հետո մի շարք քուրդ քաղաքապետ եւ քուրդ ավագանի ունեցող քաղաքներում սկսվեցին տեղանունների վերանվանման աշխատանքներ, որոնց արդյունքում արդեն բազմաթիվ գյուղերի, թաղամասերի ու փողոցների անուններ վերանվանվել են նախկին՝ հայկական եւ քրդական անուններով։

Քրդերի կողմից թուրքականացված տեղանունները նախկին հայկական անուններով վերանվանելը տարբեր մեկնաբանությունների առիթ են տալիս, սակայն դրանք կարելի է բացատրել մի քանի փաստարկներով։

Քրդական կուսակցության առաջնորդների կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հետ կապված, տարածաշրջանում հայերի հետ դարերով եղբայրաբար ապրելու մասին հայտարարություններն իրենց հետքն են թողնում քրդական կուսակցության պաշտոններ զբաղեցնող անդամների եւ ընդհանրապես քուրդ բնակչության մոտ։

Քուրդ քաղաքական գործիչներն իրենց վերապահելով Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանի  դերակատարություն եւ իրենց «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն էլ համարելով Թուրքիայի ժողովուրդների կուսակցություն, որը ներառում է բոլոր էթնիկ խմբերին, չեն կարող խոսել տեղանունների հին անվանումներին վերադառնալու մասին՝ առանց հայկական տեղանունների, քանի որ այդ տեղանունների զգալի հաստվածը դեռեւս բնակչությունը կոչում է հայկական անուններով։  Բավականին տհաճ իրավիճակ կստեղծվի, եթե թուրքականացված հայկական տեղանունը փորձեն անվանափոխել նոր հորինված քրդական անունով։ Նման իրավիճակից իրենց ապահովագրելու համար քրդական կուսակցությունը ստիպված է ընդունել նաեւ հայկական տեղանունները եւ մաքրել դրանք թուրքականացված անուններից, որն առավել անընդունելի է  քուրդ բնակչության համար։

Բացի այդ, քուրդ գործիչները, շեշտելով, որ տեղանունները վերանվանվել են հայկական անուններով,  միջազգային հանրության մոտ իրենց հեղինակությունն են բարձրացնում՝ ակնկալելով նաեւ Հայկական սփյուռքի աջակցությունը։

Այսինքն, Թուրքիայի  քրդաբնակ շրջաններում թուրքականացված տեղանունները նախկին հայկական անուններով վերանվանելն ուղղակի բխում է քրդական կուսակցության շահերից»,-ամփոփեց Իսպիրյանը։

Աղբյուր` NEWS.am

allTurkey.am

Մեկնաբանություններ