Թուրքիան շարունակում է Հայաստանի մեկուսացմանը միտված քաղաքականությունը. Լևոն Հովսեփյան

Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Լեւոն Հովսեփյանի հետ:

-Պարոն Հովսեփյան, 2014 թվականին Թուրքիան շարունակեց Հայոց ցեղասպանության հանդեպ իր ժխտողական քաղաքականությունը: Ձեր կարծիքով, գալիք տարում եւ՞ս Թուրքիայի նման պահվածքը կշարունակվի:

-Թուրքիայի ժխտողական կեցվածքը որոշակի վերախմբագրումների ենթարկվեց վարչապետ Էրդողանի՝ ապրիլի 23-ին հղած ցավակցական ուղերձով, սակայն մինչ այդ էլ արդեն ժխտողական ուղեգծի վերախմբագրման միտումներ էին առկա. ինչպես, օրինակ, նախկին արտգործնախարար Ա. Դավութօղլուի ձեւակերպած «արդար հիշողության» հայեցակարգը: Հասկանալի է, որ Թուրքիան այլեւս չի կարող կիրառել իր բացահայտ կոշտ ժխտողական զինանոցը: Պետք է փորձի նոր մոտեցումներով ժխտողականությունն ընկալելի դարձնել միջազգային հանրությանը: Սա  է խնդիրը, որ պաշտոնական Անկարան ամեն կերպ փորձում է շրջանառել: Իհարկե, բուն ժխտողականության հարցում էական փոփոխություն չի կարող լինել, եւ դա շարունակվելու է, քանի որ Հայոց ցեղասպանության խնդիրը Թուրքիայի համար «կարմիր գիծ» է, որը գծված է այդ երկրի անվտանգության «դարպասների» մոտ: Ահա այս ընկալումն է, որով Թուրքիան առնչվում է հիմնախնդրին, ընկալում է խնդիրը: Եւ այդ գիծը ոչ մի իշխանություն, ինչպիսի իշխանություն էլ լինի, չի համարձակվի ինքնուրույնաբար հատելու:

-Հնարավո՞ր է` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի միջազգայնացմամբ ստիպել Թուրքիային` ճանաչել այն:

-Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, իհարկե, իր կարեւոր դերն ունի եւ կարող է լուրջ ճնշումների տակ դնել Թուրքիային, սակայն ընդունել, որ միայն միջազգային ճանաչմամբ հնարավոր է պարտադրել Թուրքիային` ընդունելու այն, կարծում եմ, այնքան էլ իրատեսական չէ: Եւ հարցը միայն ճանաչմանը չի վերաբերում, ինչն էլ լրջորեն անհանգստացնում է Անկարային: Միայն միջազգային ճնշումներն այդ հարցում բավարար չեն. պետք է սթափ գնահատել ու ունենալ հեռանկարի ամբողջական պատկերացումներ: Անհրաժեշտ է այդ ամենին զուգահեռ նաեւ իրավական դաշտում գործընթաց սկսել, ինչը, սակայն, երկար ժամանակ ու աշխատանք կպահանջի:

-Այս տարին նշանավորվեց եւս մեկ փաստով, որ Իսլամական պետությունն հաստատվեց Իրաքում: Որքանո՞վ էին անբարենպաստ մեզ համար Իսլամական պետություն-Թուրքիա փոխհարաբերությունները:

-Ձեւակերպումը նախ պետք է հստակեցվի, ճշգրտվի: Ոչ թե «Իսլամական պետությունն» հաստատվեց Իրաքում, այլ ահաբեկչական կառույցն ինքնահռչակվեց որպես «Իսլամական պետություն»՝ Իրաքի տարածքի եւ Սիրիայի մի մասի նկատմամբ ռազմական վերահսկողությամբ: Ընդհանրապես, թե, Իրաքում եւ թե հատկապես, Սիրիայում ոչ միայն «Իսլամական պետության», այլ նաեւ ծայրահեղ արմատական իսլամական կառույցների ակտիվացումն ու գործողությունները խիստ անբարենպաստ էին հատկապես տեղի հայկական համայնքների եւ ընդհանրապես քրիստոնյաների ու ոչ մահմեդական հանրույթների համար: Հիշենք Քեսաբի դեմ իրականացված հարձակումը, Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու, համալիրի հիմնահատակ ավերումը, Հալեպի հայկական համայնքի ծանր իրավիճակն ու կորուստները եւ այլն: Ինչ վերաբերում է «Իսլամական պետություն»-Թուրքիա հարաբերություններին, ապա հստակ փաստեր դրանց համագործակցության մասին չկան: Սակայն գործընթացների, առանձին զարգացումների վերլուծությունը որոշակիորեն ի ցույց է դնում Թուրքիայի եւ դրա միջեւ հնարավոր կապերն ու նաեւ որոշակի համագործակցությունը: Այդուհանդերձ, Թուրքիան որոշակի շփումներ է ունեցել «Իսլամական պետության» առանձին շրջանակների հետ, որոնք նաեւ ուղղորդվել են:

-2014-ին Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ քվեարկության միջոցով ընտրվեց 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մեզ համար ձեռնտու է գյուլենականների՞, թե՞ Էրդողանի կողմնակիցների հետ գործ ունենալը:

-Հարցադրումը, կարծում եմ, ճշգրտման կարիք ունի: Նախ, առաջին անգամ համաժողովրդական քվեարկության արդյունքում ընտրվեց նախագահը, այլ ոչ նախկինի նման խորհրդարանի կողմից: Եւ մյուսը՝ եթե խոսքը վերաբերում է Հայաստանի տեսանկյունից հարաբերություններին, ապա գյուլենականները երբեք իշխանության ղեկին չեն եղել, որ հիմա հնարավոր լինի համեմատականներ տանել ներկայիս իշխանությունների հետ: Չնայած, որ գյուլենական համայնքն իր ուրույն ազդեցությունն ու դերն է ունեցել քաղաքական գործընթացներում, այդ թվում՝ իշխող ԱԶԿ-ին իշխանության հասցնելու հարցում, այդուհանդերձ, գյուլենականները կամ գյուլենական համայնքը երբեք իշխանության ղեկին չի եղել եւ հնարավոր չէ այս առումով համեմատական մեթոդաբանությամբ ու վերլուծությամբ փորձել դիտարկել քաղաքականությունը: Հայաստանը հարաբերությունների հարցում հարաբերվել, հարաբերվելու է պաշտոնական Անկարայի հետ:

-2015-ի հունիսին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Արդյո՞ք Էրդողանի կողմնակիցներին կհաջողվի մեծամասնություն կազմել թուրքական խորհրդարանում:

-Թուրքիայի ներքաղաքական գործընթացները, միտումները հիմք են տալիս ենթադրելու, որ գալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կպահպանի իր իշխանությունը: Էրդողանի նախագահ ընտրվելուց եւ մի շարք ներքաղաքական գործընթացներից հետո ԱԶԿ-ն իրեն ավելի ինքնավստահ է զգում ներքաղաքական գործընթացներում: Բացի այդ, ներկայում ընդդիմադիր հիմնական կուսակցությունները չեն կարող լուրջ այլընտրանք լինել ԱԶԿ-ի դեմ: ԱԶԿ-ն դեռեւս լրջորեն պահպանում է իր մեծ էլեկտորատը, որը Թուրքիայի հասարակության մեծամասնություն կազմող կրոնամետ-պահպանողական հատվածն է, որն իր մեծ ազդեցությունն ունի քաղաքական, ընտրական գործընթացների վրա: Փաստորեն, հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների համար փորձաքարային էին այս տարի կայացած նախագահական ընտրությունները, որտեղ դրանք հանդես էին եկել միասնական թեկնածուի առաջադրմամբ: Եւ սա կրկին ցույց տվեց, որ Էրդողանը եւ ԱԶԿ-ն լուրջ հակակշիռներ չունեն քաղաքական համակարգում, որոնք կարող են ընտրությունների միջոցով հեռացնել ներկայիս իշխանություններին: Չափազանցություն չի լինի պնդել, որ այլեւս Թուրքիայում ԱԶԿ-ի համար վերացված կամ գոնե առավելագույն կերպով սահմանափակված են հակակշիռներն ու վտանգները, որոնք կային նախկինում: Ուստի, 2015-ի խորհրդարանական ընտրություններում պատկերն էականորեն չի փոխվի, չնայած Էրդողանի եւ ԱԶԿ-ի համար ստեղծված վերջին շրջանի բարդ իրավիճակին:


-Ռուս-թուրքական ջերմացող հարաբերություններն ի՞նչ հետեւանքներ կունենան մեզ համար:

-Հարցադրումն ինքնին ամբողջացնում է մեր հասարակության մեծ մասի մոտ առկա ընկալումները, ինչն առնչվում է պատմական իրողություններին. Այսինքն՝ նաեւ կարծրատիպային է այս առումով: Ռուս-թուրքական հարաբերությունների խնդիրը մեզանում հաճախ դիտարկվում է նաեւ պատմական փորձառության մտավախության ու անհանգստությունների պրիզմայով, ինչը, մեծ հաշվով հասկանալի է նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանն հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Սակայն ես այդ հարաբերությունները բնութագրելու համար չէի կիրառի ջերմացում բառը, ինչը, կարծում եմ, ռուս-թուրքական հարաբերությունների համար այնքան էլ տեղին չէ: Իհարկե, վերջին տարիներին ռուս-թուրքական հարաբերությունների զարգացում է նկատվում: Սակայն դա պայմանավորված է առավելապես էներգետիկ-տնտեսական գործոնով եւ կողմերը փորձում են, որքան հնարավոր է շատ օգուտ քաղել մեկը մյուսից: Այսինքն՝ ուտիլիտարիստական, պրագմատիկ շահերն են, որոնք ձեւավորել են այդ հարաբերությունները եւ որոնք էլ պայմանավորում կամ այլ կերպ ասած ձեւավորում են քաղաքական հարաբերությունները: Իսկ վերջին շրջանի աշխարհաքաղաքական բարդ իրողությունները երկու երկրներին, այսպես ասած, միավորում են իրավիճակային եւ այլընտրանքային հնարավորությունների վերհանման ու բանեցման շրջանակի մեջ: Ռուս-թուրքական զարգացող հարաբերություններում, սակայն, կան սահմաններ ռազմաքաղաքական ոլորտում, որոնք կողմերը չեն ցանկանում անցնել: Այս համատեքստում Կովկասում, մեր տարածաշրջանում նույնպես կան նման սահմաններ:

-Ինչպե՞ս կարելի է բնութագրել 2014 թվականին մեր տարածաշրջանում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը:

-Պարզ ասած՝ Հայաստանի մեկուսացման շարունակմանը միտված, Ադրբեջանի ու Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն: Հայաստանի հետ հարաբերությունների հարցում 2014-ը նույնն էր, ինչ նախորդ մի քանի տարիները, որեւէ բանով այն չառանձնացավ նախորդներից: Տարածաշրջանը Թուրքիան դիտարկում է որպես նաեւ իր ազդեցության գոտի, որտեղ, պատկերավոր ասած, Վրաստանն ու Ադրբեջանը, փաստորեն, թուրքական շահերի կիրարկման հենասյուներն են: Թուրքիան շարունակել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցում իր ապակառուցողական քաղաքականությունը, մինչդեռ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները մնում են Թուրքիայի առաջնահերթություններից: Անկարան շարունակել է անցնող տարում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական առանցքի կայացմանն ուղղված տարբեր մեխանիզմների ամրապնդումը, որը պայմանավորված է առավելապես էներգետիկ-տնտեսական գործոնով: Նաեւ կարեւոր է ռազմական ոլորտում առկա համագործակցությունը, ինչը, ինչպես նախկինում, ինտենսիվ է եղել հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ:

-Գյումրի-Կարս երկաթուղին չվերագործարկվեց, մինչդեռ դրա վերագործարկումը ոչ միայն որոշակի տնտեսական ակտիվություն կստեղծեր Կարսի մարզում, այլեւ Գյումրու համար: Փոխարենը, ըստ շրջանառվող լուրերի, 2015 թվականից գործարկվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Կարելի՞ է պնդել, որ Գյումրի-Կարս երկաթուղին չվերագործարկվեց, քանի որ Թուրքիան դա չէր ցանկանում:

-Նախ՝ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը կախված է քաղաքական գործոններից: Այսինքն` խնդիրը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը: Առանց քաղաքական կարգավորման երկաթգծի գործարկման հավանականությունը զրոյական է: Իհարկե, քաղաքական դաշտում առաջընթացը կբերեր նաեւ տնտեսական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման, միգուցե նաեւ Գյումրի-Կարս երկաթգծի առումով: Թուրքիայի համար առաջնահերթությունը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումն է, որն ունի ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ հաղորդակցային կարեւոր նշանակություն: Նաեւ տնտեսական հիմնավորվածության առումով է այն առաջնային Թուրքիայի ու նախագծի մասնակից մյուս երկրների համար: Իսկ ինչ վերաբերում է 2015 թվականին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկմանը, ապա դեռեւս հարց է, թե արդյո՞ք այդ ժամանակահատվածում այն պատրաստ կլինի: Երկար ժամանակ նախագծի իրականացումն ինչ-ինչ խոչընդոտների է հանդիպել եւ երկարաձգվել: Կարծում եմ, որ հերթական անգամ նախատեսված վերջնաժամկետը կերկարաձգվի:

Աղբյուրը` Asparez.am, զրուցեց` Անահիտ Սիմոնյանը

allTurkey.am

Մեկնաբանություններ