Թուրքիայում իսլամ ընդունած հայուհին թուրքական անձնագիր կստանա

Հերմինե Դալմազյան

ՀՀ նախկին քաղաքացի, ներկայում Թուրքիայի քաղաքացիություն ունեցող Հերմինե Դալմազյանն այժմ սպասում է իր նոր անձնագրին։

Դալմազյանը, ով 10 տարի առաջ ավագ քրոջը տեսակցելու նպատակով մեկնել էր Տրապիզոն, ամուսնացել էր ազգությամբ թուրք, 4 երեխաների հայր Մուհամմեթ Ալի Շիմշեքի հետ և ավելի ուշ իսլամ ընդունելով՝ ստացել Այշե անունը։ Նա ստանձնել էր Ալիի հիվանդ մորը և առաջին կնոջից ունեցած երեխաներին խնամելու պարտականությունը։

«10 տարի է, ինչ ցանկանում եմ ինքնության վկայական ստանալ։ 4 տարի շարունակ պայքարել ենք դրա համար, սակայն արդյունքի չենք հասել։ Այսօր կրկին դիմել եմ ինքնության վկայական ստանալու համար։ Մատնահետքս վերցրել են, բոլոր փաստաթղթերը պատրաստ են։ Վստահ եմ, որ այս անգամ ի վերջո կստանամ թուրքական անձնագիր», – Հերմինեի խոսքերն է մեջբերում «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Հերմինե Դալմազյանն իր ամուսնու հետ համատեղ կյանքի ընթացում ունեցել է 2 երեխա: Մուհամեդ Ալի Շիմշեքի առաջին կինը մահացել էր 9 տարի առաջ Քելեր գյուղում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ: Նախորդ տարի Դալմազյանը Քելերի գյուղապետարանի կողմից արժանացել էր «տարվա մայր» կոչմանը։

Հավելենք, որ թուրքական լրատվամիջոցները մշտապես մեծ ուշադրություն են հատկացնում իսլամ ընդունած հայաստանցիներին առնչվող թեմաներին` փորձելով այդ ամենն օգտագործել սեփական քարոզչության նպատակով: Հերմինե-Այշեի դեպքը եզակի չէ, հայտնի է նաև Քնարիկ-Փընարի դեպքը, որը նույնպես ակտիվորեն լուսաբանվում էր Թուրքիայում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ