Թուրքիայում Ցեղասպանությունը ժխտող հերթական բազմահատորյակն է տպվել

«Նոր Թուրքիա ռազմավարական կենտրոնը» (YTSAM) 4000 էջից բաղկացած 5 հատորյակ է հրատարակել, որի նպատակը Հայոց ցեղասպանության ժխտումն է։ Այս մասին տեղեկացնում է ազգայնական «Ենի Աքիթ» պարբերականը:

Թուրքիայի կրթության նախկին նախարարներից մեկի, գրող և քաղաքագետ Հասան Ջելալ Գյուզելի գլխավորությամբ ստեղծված «Նոր Թուրքիա ռազմավարական կենտրոնը» այլ հարցերի հետ մեկտեղ զբաղվում է հակահայկական քարոզչությամբ։

Մինչ օրս պատմական իրողության դեմ ժխտողական բովանդակությամբ 7 լեզուներով 20 տարբեր բրոշյուրներ տպագրած YTSAM-ն այս անգամ Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու նպատակով 4000 էջից բաղկացած 5 հատորյակ է հրատարակել։

Նոր Թուրքիայի 5 հատորյա «Հայկական հարցի հատուկ ամսագիրն» իրենից ներկայացնում է 249 գիտական և ակադեմիական հոդվածներ, բաղկացած է 15 գլուխներից և 31 ենթագլուխներից։ Հատորյակը թուրքերեն է: Գրքի հեղինակները չեն թաքցրել, որ տպագրությունն իրականացվել է 2015 թվականին ընդառաջ:

Նշենք, որ հատկապես վերջին տարիներին մեծ քանակությամբ հակահայ բովանդակությամբ գիտական գրականություն է տպագրվել: Բազմահատորյա գրքերը թարգմանվում են այլ լեզուներով և ինտենսիվորեն տարածվում արտասահմանյան տարբեր կառույցներում, ուսումնական հաստատություններում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ