Թուրք պաշտոնյան ֆրանսիական դպրոցներում Ցեղասպանության դասավանդման դեմ հանգանակության կոչ է արել

Օրերս Ստամբուլի առևտրային պալատում 2014 թվականի բյուջեի վերաբերյալ քննարկումների ժամանակ բարձրացվել է նաև Ֆրանսիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության թեման ընդգրկելու դեմ դատական հայց ներկայացնելու հարցը։

Մասնավորապես, պալատի նախագահ Իբրահիմ Չաղլարը հայտարարել է, որ Ֆրանսիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասեր են անցկացվում, ինչի դեմ դատարանում թուրքերը հայց են ներկայացրել։

«Վերոնշյալ դատական ծախսերը հոգալու համար պետք է գումար հայթայթենք։ Դատական գործի համար անհրաժեշտ է 25 հազար եվրո։ Էական չէ, թե որքան գումարի մասին է խոսք, խնդիրը կարևոր է, ուստի պետք է հավաքենք այդ գումարը», – Չաղլարի խոսքերն է փոխանցում թուրքական «Հաբերլեր» կայքը։

Ֆրանսիան 2001 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Վերջին տարիներին ֆրանսիական դասագրքերում Ցեղասպանության վերաբերյալ անդրադարձ կա, ինչը թուրքական կողմի լուրջ դժգոհությունն է առաջ բերել: Թուրքիան տարբեր մակարդակներով փորձում է խանգարել Ֆրանսիայի դպրոցներում Ցեղասպանության թեման ներկայացնելու քայլերին:

2012-2013 թվականներին Ֆրանսիայում փորձ կատարեցին Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ անցկացնել, սակայն ֆրանսիական սահմանադրական խորհուրդը երկրի խորհրդարանի ընդունած օրինագիծը հակասահմանադրական ճանաչեց, և այն դուրս եկավ հետագա շրջանառությունից: Այս ընթացքում զգալի սրվեցին թուրք-ֆրանսիական հարաբերությունները, որոնք, սակայն, վերջին շրջանում կարգավորվել են:

Ստամբուլի առևտրային պալատի նախարարի խոսքերից դատելով` թուրքերը Ֆրանսիայում փորձում են դատական գործերի միջոցով դպրոցական ծրագրից դուրս հանել հայերի ցեղասպանության թեման:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ