Թուրքական ավիացիայի ռմբակոծության պատճառով զոհված խաղաղ քրդերի հիշատակն են հարգել

ուլուդերե

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Շըրնաքի նահանգի Ուլուդերե շրջանի Ռոբոսքի սահմանային գյուղում 2011 թվականի դեկտեմբերի 28-ին թուրքական ավիացիայի կազմակերպած ռմբակոծության պատճառով զոհված 35 խաղաղ բնակիչների համար «Հանուն Ռոբոսքիի արդարության» կարգախոսով հիշատակի միջոցառում է կազմակերպվել:

Հիշատակի միջոցառմանը մասնակցում էին զոհերի հարազատները` ձեռքերում պահած մահացած հարազատի լուսանկարները:

Նշենք որ, միջոցառմանը մասնակցում էին նաւ հազարավոր մարդիկ, այդ թվում`«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը և կուսակցական պատգամավորներ, այլ կուսակցությունների առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հուշահամալիրի տարածքում կային «Ռոբոսքիի հանցագործը անհայտ չէ, հանցագործը հայտնի մարդասպան է» և «Ռոբոսքիից Քոբանի պայքարողներին հազար բարի» գրությամբ ցուցապաստառներ:

Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին Շըրնաքի նահանգի Ուլուդերե շրջանում գրանցված միջադեպի հետևանքով զոհվել էր 35 խաղաղ քուրդ բնակիչ: Թուրքիայի ռազմաօդային ուժերը, հետախուզական տվյալներ ստանալով այն մասին, որ Իրաքի սահմանի մոտ կենտրոնացել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների խումբը, հարված է հասցրել այդ խմբին: Սակայն պարզվել է, որ զոհվածները խաղաղ քուրդ բնակիչներ են, որոնք մաքսանենգ ճանապարհով Իրաքից ներկրում էին մազութ և ծխախոտ:

Նյութը պատրաստեց Նադյա Հովհաննիսյանը

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

 

Մեկնաբանություններ