Ներկայիս Թուրքիայի` նախկինում հայաբնակ գյուղն այժմ միայն մեկ բնակիչ ունի

Բինգյոլ

Թուրք-քրդական հակամարտության պատճառով 30 տարի առաջ Թուրքիայի Սղերթ նահանգի (թուրքերեն` Սիիրթ) Էրուհի շրջանի Բինգյոլ գյուղը լքած 73-ամյա Օմեր Ասլանը հարազատ գյուղ է վերադարձել` դառնալով գյուղի միակ բնակիչը։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» կայքը։

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 1984 թվականին ակտիվանալուց հետո Օմեր Ասլանն ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հաթայ (Ալեքսանդրետ) նահանգի Իսքենդերոնի շրջան։

Որոշ ժամանակ առաջ մահացել է նրա կինը, որից հետո Ասլանն իր հոգու հանգստության համար որոշել է վերադառնալ Բինգյոլ։ Նա գյուղի միակ բնակիչն է, քանի որ  4 երեխաներն աշխատելու պատճառով չեն հեռացել Իսքենդերոնից։

Ասլանը որոշել է սեփական միջոցներով վերանորոգել այն մարդկանց տները, ովքեր կվերադառնան Բինգյոլ։

«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ են մարդիկ գյուղ վերադառնալու։ Հնուց այս գյուղում նաև հայեր ու եզդիներ են բնակվել։ Ուզում եմ, որպեսզի նրանք ևս վերադառնան։ Բինգյոլում պատմական եկեղեցու վերակառուցման համար համապատասխան մարմինների եմ դիմել», – ասել է ծերունին։

Նշենք, որ 80-90-ական թվականներին թուրք-քրդական հակամարտության սրման ժամանակ Թուրքիայի զինված ուժերը հաճախ էին վառում քրդաբնակ գյուղերը, քուրդ գյուղացիներին ստիպում բռնագաղթել այլ վայրեր, հիմնականում մեծ բնակչություն ունեցող թուրքական քաղաքներ` ասիմիլացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև` HPG։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (պատմական հայկական Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (կեղծանունը՝ Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է դե ֆակտո համարվել կազմակերպության ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական պետության դեմ շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 35 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

2013 թվականի մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև հրադադար հաստատվեց։

2013-ի սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց, թե դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ