Թուրքական զինուժի անձնակազմի թիվը հայտնի է

Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Թուրքական զինուժի անձնակազմը շուրջ 671 հազար մարդ է, ինչը շուրջ 5000 հոգով ավել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ցուցանիշից:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալների համաձայն՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 հոգի է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Դեկտեմբերի համեմատ գեներալների թիվը չի փոխվել:

Սպաների ընդհանուր թիվը 39 511 է, որից 32 625-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6261-ը՝ ժանդարմերիայում, 625-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է 200-ով։
Կրտսեր հրամանատարական կազմը 96 189 մարդ է, որից 70 733-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 23 966-ը՝ ժանդարմերիայում, 1490-ը՝ առափնյա անվտանգության ուժերում: Այս ցուցանիշը նույնպես գրեթե նույնն է մնացել նախորդ ամսվա համեմատ։

Պայմանագրային ժանդարմների թիվը 22 945 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 4218:
Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 60358 մարդ է, որից 44 694-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 14 968-ը՝ ժանդարմերիայում, 696-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Պայմանագրային եֆրեյտորների թիվը պակասել է շուրջ 300-ով։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 406 027 մարդ է որից 290 876-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 181 494-ը՝ ժանդարմերիայում, 4641-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այսպիսով, դեկտեմբերի 1-ի տվյալների համեմատ ժամկետայինների թիվն ավելացել է շուրջ 6000-ով։

Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52 630 է, որից 48 270-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3446 -ը՝ ժանդարմերիայում, 914-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 682 223 մարդ է, որից զինծառայողները 629 593-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52 630-ը: Նախորդ ամսվա համեմատ թուրքական զինուժի թիվն ավելացել է շուրջ 5000-ով, ինչը կապված է նոր զորակոչված ժամկետայինների թվի աճի հետ:

Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 36 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների 34 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 38 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 61 տոկոսը։

Նշենք, որ Թուրքիայում գործում է պարտադիր ժամկետային զինծառայություն: Բանակ են զորակոչվում 21 տարին լրացած արական սեռի քաղաքացիները:

Թեև թուրքական զինված ուժերի անձնակազմի թվի մեջ հաշվում են Ժանդարմերիան և Առափնյա անվտանգության ծառայությունը, սակայն ոչ պատերազմական պայմաններում այս կառույցները ենթարկվում են Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը և իրականացնում են նաև ոստիկանական գործառույթներ:

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ