Թուրքիայում ախոռի վերածված հայկական եկեղեցին վերանորոգելու կոչ են արել

Թուրքիայի Չիղլիի «Անաժեթ» մասնավոր լիցեյի սաներն իրենց պատմության և աշխարհագրության ուսուցիչների հետ միասին պատմական վայրերով շրջագայություն են կատարել։

Իզմիր (Զմյուռնիա) նահանգի Մենեմենի շրջանի Էսաթ Փաշա թաղամասի`19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցի այցելած աշակերտներին մեծ հիասթափություն է սպասել։

Եկեղեցին, որը գործել է մինչև 1922 թվականը, հայ բնակչության՝ քեմալական շարժման ժամանակ Մենեմենից հեռանալուց հետո տարիներ շարունակ որպես զինվորական պահեստ է ծառայել։ Այժմ եկեղեցին ախոռի է վերածվել։ Հայկական եկեղեցի այցելած աշակերտներից մի քանիսը լրագրողների հետ զրույցում նշել են, թե ցանկանում են, որպեսզի եկեղեցին դադարի գործել որպես ախոռ և վերանորոգվի:

Նշենք, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում կրել է շարունակական բնույթ։ Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Հայոց ցեղասպանությանը զուգընթաց թուրքերը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել են ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:

Վերջին շրջանում թուրքական իշխանությունները սկսել են վերականգնել որոշ հայկական կոթողներ, ինչը բացատրվում է ինչպես միջազգային հեղինակությունը բարձրացնելու, այնպես էլ զբոսաշրջությունը զարգացնելու և եկամտի նոր աղբյուր ունենալու ձգտման հետ: Այնուամենայնիվ, ոչ բոլոր հայկական եկեղեցիներն են հայտնվում թուրքական պետության ուշադրության կենտրոնում, և մեծ թվով հայկական կոթողներ կամ ավերվում են, կամ օգտագործվում որպես քարահանք, կամ էլ վերածվում այլ նշանակության շինությունների` գոմերի, ախոռների, պահեստների:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ