Թուրքիա-2014. ամփոփելով տարին

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

2014 թվականը ծանր տարի էր Թուրքիայի համար, որտեղ արդեն ավանդական քրդական հուզումներին գումարվեց «Իսլամական պետություն» գլուխկոտրուկը, երկիրը ցնցեցին հանքերում հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձած աղետները: Տարին հետաքրքրական էր նաև հայկական տեսանկյունից. Էրդողանը հանդես եկավ ապրիլքսանչորսյան ուղերձով, ինչպես նաև շարունակեց 2013-ի դեկտեմբերից ընթացող պայքարը գյուլենականների դեմ:

Թուրքիայում անցնող տարում արձանագրված կամ ընթացող կարևորագույն զարգացումներն ու իրադարձություններն առավել մանրամասնորեն քննենք:

 

Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը

2014 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի անունից տարածվեց աղմուկ բարձրացրած հաղորդագրությունը, որտեղ «ցավակցություն էր հայտնվում հայերին»: Հայտարարությունը յոթ լեզվով էր, ինչն էլ վկայում էր, որ այն ուղղված է ոչ միայն թուրքական և հայկական լսարաններին, այլ նաև միջազգային խնդիրներ է լուծում: Էրդողանի ուղերձը մի շարք լրատվամիջոցներ ու շրջանակներ շտապեցին որակել որպես «ցավակցություն» Ցեղասպանության համար, սակայն այնտեղ ցեղասպանության որևէ հիշատակում չկար: Միջազգային մի շարք կառույցներ շտապեցին Էրդողանի քայլը դրական առաջընթաց որակել, սակայն իրականում թուրքական իշխանությունների այս քայլը Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության արտացոլումն էր: Պաշտոնական Անկարան վերջին տարիներին փոխել է մարտավարությունը, փորձում է խիստ ժխտումից անցում կատարել ավելի ժամանակակից և արդյունավետ միջոցների, այն է` Ցեղասպանությունը կոչել այլ բառերով: Թուրքական կողմն ակտիվորեն կիրառում է «ընդհանուր ցավի» թեզը,  որն ամբողջովին արտացոլվեց նաև Էրդողանի ուղերձում: Ըստ «ընդհանուր ցավի» թեզի` «Առաջին աշխարհամարտի տարիներին ցավալի դեպքեր են եղել, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցավը բոլորինն է»։ Այսպիսով, Թուրքիան խուսափում է հայերի զանգվածային կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանություն, ինչպես նաև փորձում է հայերի «ցավը» տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում և հավասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ:

Այսպիսով, թուրքական կողմը կարողացավ հասնել իր խնդիրներից մեկին, այն է` միջազգային ասպարեզում ժխտման այս նոր մոդելը ներկայացնել որպես ցավակցություն և դրական քայլ: Այս քաղաքականությունն էլ Անկարան շարունակելու է 2015 թվականին:

 

Թուրքիա-«Իսլամական պետություն» հարաբերություններն ու քրդական հուզումները

Մերձավոր Արևելքը 2014 թվականի հունիսից ռազմաքաղաքական տեսանկյունից այլևս նախկինը չէ: «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումը, որ մինչ այդ ակտիվ գործում էր Սիրիայում, իր գործողությունները հաջողությամբ շարունակեց Իրաքի հյուսիսային սուննիաբնակ հատվածում` իր վերահսկողության տակ վերցնելով նավթով հարուստ շրջաններ: Այսպիսով, ԻՊ-ը ոչ միայն հարևան է Թուրքիային Սիրիայի հետ սահմանի հակառակ կողմում, այլ նաև Իրաքի հատվածում:

Սիրիայի ներքին հակամարտության գրեթե սկզբից Անկարայի և ԻՊ-ի միջև ձևավորվել էին արտաքինից թշնամական հարաբերություններ: Եվ եթե կային փաստեր, թե, ասենք, հակաասադական այլ խմբավորումներն աջակցություն էին ստանում Թուրքիայից, ԻՊ-ի դեպքում պատկերն այլ էր:

Այնուամենայնիվ, ԱՄՆ Սենատի մակարդակով խոսակցություններ էին շրջանառվում, թե Թուրքիան ոչ միայն գնում է նավթ ԻՊ-ից, այլև հանդիսանում է տարանցիկ երկիր այդ նավթի համար: Թուրք-ԻՊ  ընդհանուր շահերում է տեղավորվում նաև քրդական հարցը:  Հայտնի է, որ երկու այս ուժերի համար ընդհանուր թշնամի են քրդերը:

Թուրքիայի` Սիրիայի քրդաբնակ Քոբանիի համար պայքարում, մեծ հաշվով, ԻՊ-ին աջակցող և հակաքրդական մոտեցման հետևանքով 2014-ի հոկտեմբերին Թուրքիայում սկիզբ առան քրդերի հուզումները: Քրդերը մեղադրում էին Անկարայի ԻՊ-ին աջակցելու և քրդերի դեմ հերթական քայլերն իրականացնելու համար: Անկարան փակել էր Քոբանիին մոտ սահմանի հատվածը և թույլ չէր տալիս քրդական ուժերին աջակցել սահմանից այն կողմ իսլամիստների դեմ պայքարող իրենց հայրենակիցներին: Այս ամենից վրդովված քրդերի բախումները թուրք իրավապահների հետ դարձան շուրջ 4 տասնյակ զոհերի պատճառ:

Այսպիսով, կարելի է ասել, որ թեև Թուրքիան, տուրք տալով միջազգային հանրությանը, իր արևմտյան դաշնակիցների հետ հարաբերություններին, ունի արտաքնապես լարված և վատ հարաբերություններ ԻՊ-ի հետ, բայց և Թուրքիայի ու «խալիֆայության» ճանապարհները խաչվում են, երբ խոսքը գնում է Ասադի` իշխանությունից հեռացնելուն, նավթին և քրդերին:

 

Հարյուրավոր զոհեր` ածխահանքերում

2014 թվականի մայիսի 13-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքներից մեկում պայթյուն գրանցվեց, ինչին հաջորդեց հրդեհը: Միջադեպի հետևանքով 300-ից ավել մարդ զոհվեց, հարյուրից ավել հանքափորներ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան և միայն մի քանի տասնյակը կարողացավ խուսափել դաժան ճակատագրից:

Թուրքիայում աշխատանքային անվտանգության վատթար վիճակի հերթական դրսևորումը պատճառ դարձավ, որպեսզի կառավարության դեմ հասարակական բողոքի խոշոր ալիքը տարածվի: Սոմայի ողբերգությունն իր մաստշաբներով աննախադեպ էր Թուրքիայի համար, և մեծ արձագանք առաջ բերեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմաններից դուրս:

Ժամանակը ցույց տվեց, որ Սոմայի դեպքը 2014-ի համար նմանատիպ միակ դժբախտությունը չէր: Հոկտեմբերի 18-ին Էրմենեքի ածխահանքերից մեկը մնաց ջրի տակ. պատահարի հետևանքով զոհվածների թիվը կազմեց 18 հոգի:

Սա դժգոհության ևս մեկ ալիք առաջ բերեց, և թուրքական կառավարությունը կրկին քննադատվեց` աշխատողների անվտանգությունը հավուր պատշաճի չկազմակերպելու համար:

 

Էրդողան-Գյուլեն հակամարտությունը

2013 թվականի դեկտեմբերին գյուլենականները Թուրքիայի կառավարության դեմ լայնածավալ գրոհ նախաձեռնեցին, սակայն Էրդողանն ու համախոհները ոչ միայն կարողացան հաջողությամբ դիմակայել ճնշմանը, այլև անցան հակագրոհի, որը շարունակվում է մինչ օրս և կարող է ոչ այնքան շուտ ավարտվել:

Վերջին շրջանում Էրդողանին խանգարում էր գյուլենականների տարբերվող դիրքորոշումը մի շարք առանցքային հարցերում, ինչպիսիք են Իսրայելի հետ հարաբերությունները, Գեզիի դեպքերը, Թուրքիայի ժողովրդավարության վիճակը, իսկ Գյուլենի շարժման անդամներն էլ ցանկանում էին ազդեցության շարունակական ընդլայնում: Հակամարտությունն առավել սուր բնույթ ընդունեց 2013 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ համացանցում հայտնվեցին Էրդողանի կառավարության կոռուպցիոն գործողությունների ապացույցներ, այդ մեղադրանքով ձերբակալվեցին գործարարներ, ինչպես նաև կաշառակերության համար մեղադրվեցին մի շարք թուրք նախարարներ: Ձերբակալություններն իրականացրին Գյուլենի շարժման անդամ ոստիկանները:

Հարվածը բավական ուժգին էր, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ի զորու չէր տապալել ամուր արմատներով իշխանությանը կառչած Էրդողանին և նրա գլխավորած կուսակցությանը: Դեկտեմբերյան շոկից հետո նախաձեռնությունը սկսեց անցնել Էրդողանի կողմը, ով, փոխելով հեղինակազրկված նախարարներին, նախաձեռնեց այս հանդուգն հարձակման հետևում կանգնած գյուլենականների զանգվածային որսը: Էրդողանի հակաքայլերի արդյունքում հաջորդող ամիսների ընթացքում ձերբակալվեցին տասնյակ ոստիկաններ, անվտանգության համակարգի աշխատակիցներ, աշխատանքից ազատվեցին հարյուրավոր իրավապահներ, որոնք այս կամ այն կերպ կապված էին գյուլենական համայնքին: Ձերբակալված կամ աշխատանքից ազատված ոստիկանների մի մասը բավական պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում: Ձերբակալվեցին նաև գյուլենական «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն և «Սամանյոլու» հեռուստատեսության ղեկավար Հիդայեթ Քարաջան:

Էրդողան-Գյուլեն հակամարտության մեկ տարվա արդյունքները ցույց տվեցին, որ որոշակիորեն գերագնահատված էր գյուլենական համայնքի ազդեցության չափը Թուրքիայում, և գյուլենականներն ունակ չէին հեռացնել իրենց հակառակորդին իշխանությունից: Էրդողանն ու նրա համախոհներն, իրենց հերթին, ցույց տվեցին, որ ունակ են դիմակայել նման հուժկու հարվածների:

 

Պատմական նախագահական, կարևորագույն ՏԻՄ ընտրություններ

Թուրքիայում 2014 թվականի տեսանկյունից առանձնակի կարևորություն էին ներկայացնում երկու ընտրությունները` տեղական ինքնակառավարման մարմինների և նախագահական: Երկու ընտրություններում էլ վստահ հաղթանակ տարան Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած չափավոր իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):

Մարտի 31-ին Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները փորձություն էին իշխող ԱԶԿ-ի համար, քանի որ դրան նախորդել էր կատաղի առճակատումը գյուլենականների հետ, կոռուպցիոն մեղադրանքները և այլն: Բացի այդ, ՏԻՄ ընտրությունները լավագույնս կարող էին ցուցադրել, թե Էրդողանն օգոստոսի նախագահական ընտրություններում ինչպիսի հնարավորություններ կունենա: Եվ փորձը ցույց տվեց, որ Գեզիի դեպքերը, գյուլենականների հետ ընդհարումներն ունակ չէին խանգարել ԱԶԿ-ին հերթական հաղթանակը տանել: Ընդ որում, ԱԶԿ-ն հավաքեց ձայների շուրջ 43 տոկոսը` 2009-ի համեմատ ապահովելով ձայների 5 տոկոսանոց աճ: Գլխավոր մրցակիցը` քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը բավարարվեց  ձայների 25 տոկոսով:

Օգոստոսի 10-ին արդեն նախագահական ընտրություններն էին, որտեղ բացահայտ ֆավորիտը գործող վարչապետ Թայիփ Էրդողանն էր: Ընտրությունները բացառիկ էին, քանի Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահին ընտրում էին ժողովրդական քվեարկության միջոցով, այլ ոչ Թուրքիայի խորհրդարանում, ինչպես մինչ այդ էր:

Ընտրություններում հաղթողի հետ կապված միակ հարցը, որ օրակարգում էր մնում, ոչ թե Էրդողանի հաղթանակն էր, այլ այն` նա առաջի՞ն, թե՞ երկրորդ փուլում կհաղթի: Էրդողանը հաղթեց ձայների մոտ 52 տոկոսով առաջին իսկ փուլում: Էրդողանի հետ մրցում էին Թուրքիայի խոշորագույն երկու ընդդիմադիր քաղաքական ուժերի` «Ազգայնական շարժում» և «Ժողովրդահանրապետական» կուսակցությունների միասնական թեկնածուն` Էքմելեդդին Իհսանօղլուն (շուրջ 38 տոկոս) և քրդական ուժերի ներկայացուցիչ Սելահեթթին Դեմիրթաշը (շուրջ 10 տոկոս):

Կառավարությունում վարչապետի թափուր պաշտոնը զբաղեցրեց արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ում  պաշտոնն էլ անցավ Մևլութ Չավուշօղլուին: Էրդողանի կառավարության կազմի ճնշող մեծամասնությունը պահեց իր պաշտոնը նաև Դավութօղլուի կաբինետում: Միևնույն ժամանակ ԱԶԿ-ի նախագահ ընտրվեց Դավութօղլուն, քանի որ թուրքական օրենքներով երկրի նախագահը չի կարող կուսակցական լինել, և Էրդողանը զիջեց իր հիմնադրած կուսակցության նախագահի պաշտոնը: Թեև նախագահ Էրդողանը դե յուրե ԱԶԿ-ի հետ առնչություն չունի, սակայն դե ֆակտո հենց նա է շարունակում գլխավորել այդ քաղաքական ուժը: Իսկ հաջորդ ընտրությունները 2015 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններն են, որոնք իրենց նշանակությամբ կարևորագույնն են հարևան երկրում… 

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ | Եփրատ ուսումնասիրությունների կենտրոն

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ