Դիարբեքիրի օդանավակայանը կառուցվել է հայերի հողատարածքի վրա. ամերիկահայի հայցը` թուրքական դատարան

ԱՄՆ-ի` ազգությամբ հայ քաղաքացի Զվարթ Սուջյանը փորձում է դատական գործընթացների միջոցով հետ ստանալ իր նախնիներին պատկանող տարածքը, որի վրա կառուցվել է Դիարբեքիրի օդանավակայանը:

Թուրքական «Միլիյեթ» պարբերականի փոխանցմամբ` ավելի վաղ ցածր ատյանի դատարանը մերժել էր Սուջյանի ներկայացրած հայցը, այդ իսկ պատճառով այս անգամ նա դիմել է Թուրքիայի վերաքննիչ դատարան:

Դիարբեքիրի դատարաններից մեկը 1967 թվականին որոշել էր հողատարածքը հանձնել օդանավակայանին. դատարանը նախ տեղական թերթերից մեկում հայտարարություն էր տվել, թե փնտրվում է հողատարածքի սեփականատերը, սակայն արձագանք չստանալուց հետո որոշել էր տարածքը հատկացնել այլ կարիքների համար: 2012 թվականին Սուջյանը դիմել է Դիարբեքիրի դատարան` հետ պահանջելով իրեն կտակված տարածքը, սակայն մերժում է ստացել: Դատարանն իր մերժումը բացատրել է 1967 թվականին կայացված վճռով:

Սուջյանն այս որոշումը բողոքարկել է Թուրքիայի վերաքննիչ դատարանում, որն էլ անվավեր է ճանաչել ստորին դատարանի` ավելի վաղ կայացրած որոշումը: Թուրքիայի վերաքննիչ դատարանի որոշումը հնարավորություն է տալիս այս գործն ամբողջությամբ վերաքննել: Թուրքական մամուլը նշում է, թե այս քայլը ճանապարհ է բացում բոլոր այն հայերի համար, ովքեր նմանատիպ խնդիրների առաջ են կանգնել:

Հողատարածքը, որի վրա էլ կառուցվել է ներկայում մեծամասամբ քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի (պատմական Աղձնիք նահանգ, Տիգրանակերտ) օդանավակայանը, պատկանել է հայկական Բասմաջյան ընտանիքին, որը Հայոց ցեղասպանության տարիներին բռնագաղթի է ենթարկվել: Ընտանիքի անդամների մի մասը հաստատվել է Միացյալ Նահանգներում: Բասմաջյան ընտանիքից են սերում Սուջյանները, այս ընտանիքի ներկայացուցիչներից մեկն էլ դատարան հայց ներկայացրած Նվարդ Սուջյանն է:

Սուջյանն ու իր փաստաբանները նշել են, որ շարունակելու են դատական կարգով պահանջել օրենքով իրենց պատկանող հողատարածքը:

Նշենք, որ Դիարբեքիրում մինչ Հայոց ցեղասպանությունը մեծ թվով հայեր են ապրել` կարևոր տեղ ունենալով քաղաքի կյանքում: Ցեղասպանության տարիներին Դիարբեքիրի հայերը ոչ միայն կոտորվել են ու բռնագաղթի ենթարկվել, այլ նաև թուրքերն ու քրդերը խլել են նրանց շարժական ու անշարժ գույքը, հողատարածքները:

Վերջին տարիներին լրատվամիջոցներում շատ է խոսվում, որ ներկայիս Թուրքիայի տարբեր կարևոր օբյեկտներ հայերից բռնազավթված տարածքների վրա են կառուցվել: Ակնառու օրինակ է Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից մինչ անցյալ տարի Թուրքիայի նախագահի նստավայրը`Չանքայան, որը կառուցել էին հայերին պատկանող տարածքում: Եվս մեկ աղմուկ բարձրացրած դեպք էլ կապված է Ադանայից ոչ հեռու «Ինջիրլիք» թուրք-ամերիկյան ռազմաբազայի հետ, որը նույնպես հայերին պատկանող հողատարածքի վրա է: Այսօրինակ դեպքերը բազմաթիվ են:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ