Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը` քրիստոնյաներին ճնշող պետությունների շարքում

Սուրբ Մարիամ եկեղեցի

Հայաստանի հարևաններից Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը գերմանական «Open Doors» («Բաց դռներ») կազմակերպության զեկույցում նշվել են որպես քրիստոնյաներին ճնշող և նրանց իրավունքները ոտնահարող երկրներ:

Քրիստոնյաների իրավունքներն ուսումնասիրող կազմակերպության զեկույցում նշվում է, որ այս տարի քրիստոնյաների նկատմամբ ճնշումները զգալի աճել են, ինչը կապված է նաև Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման գործողությունների հետ: Ըստ զեկույցի` անցած տարում աշխարհում 100 մլն-ից ավել քրիստոնյա ճնշումների է ենթարկվել դավանանքի պատճառով:

2014 թվականի դրությամբ քրիստոնյա բնակիչներին առավել շատ ճնշող երկրների ցուցակը ներառում է 50 պետություն: Երկրները դասակարգվել են ըստ ճնշումների ուժգնության: Առաջին հնգյակը գլխավորում է ԿԺԴՀ-ն (Հյուսիսային Կորեան), որին հաջորդում են Սոմալին, Իրաքը, Սիրիան և Աֆղանստանը:

Հայաստանին սահմանակից երկրներից Իրանը ցուցակում 7-րդն է և ընդգրկված է «կարմիր» գոտում (ամենաուժեղ ճնշումներ): Թուրքիան ցուցակում 41-րդն է, Ադրբեջանը` 46-րդը: Երկու երկրներն էլ «դեղին» գոտում են (համեմատաբար թույլ ճնշումներ):

Թուրքիայի մասով զեկույցը մանրամասնում է, որ իսլամամետ ու ազգայնական քաղաքականություն վարող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարումը բացասական է անդրադառնում երկրի քրիստոնյաների համար, որոնց թիվը, ըստ աղբյուրի, 188 հազար է:

Նշենք, որ Թուրքիայում վերջին տարիներին արձանագրվել են հավատքի պատճառով քրիստոնյաների սպանություններ, ճնշումներ, մասնավորապես, 2007 թվականին «Զիրվե» հրատարակչության վրա ազգայնականների հարձակման հետևանքով 3 քրիստոնյայի դաժան սպանությունը, 2006 և 2010 թվականներին կաթոլիկ հոգևորականների սպանությունները: Շատ են նաև Թուրքիայի տարածքում եկեղեցիների վրա հարձակումների դեպքերը: Կազմակերպությունը Թուրքիայում հակաքրիստոնեական քայլերի աճ է գրանցել նաև 2014 թվականի ընթացքում:

Ադրբեջանի վերաբերյալ մանրամասները զեկույցում տեղ չեն գտել (ըստ ամենայնի, տեխնիկական խնդրի պատճառով, քանի որ Ադրբեջանի բաժնի փոխարեն կրկնվում է Տաջիկստան բաժինը. Տաջիկստանն առանձին ևս գրանցված է ցուցակում):

Իրանի մասով նշված է, որ երկրում 450 հազար քրիստոնյաների մի մասը ենթարկվում է կրոնական ճնշումների, երկրում կրոնական անհանդուրժողականություն կա: Քրիստոնյաների իրավունքների ոտնահարման և ճնշումների տեսանկյունից Իրանը դասակարգվել է ամենաշատ ճնշում գործադրող պետությունների շարքում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ 

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ