2014-ը` 100-րդ տարելիցին ընդառաջ նախապատրաստական տարի Թուրքիայի համար. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Թուրքիան 2014 թվականի ողջ ընթացքում նախապատրաստվում էր 2015 թվականին

, երբ լրանում է Հայոց ցեղասպանության մեկնարկի 100-րդ տարելիցը: Կարիք կա հայացք գցելու 2014 թվականին թուրքական պետության` Ցեղասպանության հարցում կատարած քայլերին` հասկանալու, թե ինչպիսի մարտավարություն է ընտրել Թուրքիան և նախկինի համեմատ ինչպիսի փոփոխություններ կա ժխտողական ավանդույթները շարունակող մեր հարևանի քաղաքականությունում:

 

«Ընդհանուր ցավն» ու Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը

Թուրքական կողմը վերջին տարիներին ակտիվորեն կիրառում է «ընդհանուր ցավի» թեզը, որով փորձում է հավասարություն դնել Հայոց ցեղասպանության և Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերի կորուստների միջև` այդ ամենը մտցնելով պատերազմի համատեքստում և խուսափելով ցեղասպանություն բառից:

Պաշտոնական Անկարան, վերջին տարիներին փոխելով մարտավարությունը, փորձում է նախկին իսպառ ժխտումից անցում կատարել ավելի ժամանակակից մեթոդների, այն է` Ցեղասպանությունը կոչել այլ բառերով և ներկայացնել ոչ որպես ցեղասպանություն: Ըստ «ընդհանուր ցավի» թեզի` «Առաջին աշխարհամարտի տարիներին ցավալի դեպքեր են եղել, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցավը բոլորինն է»։

Այսպիսով, Թուրքիան խուսափում է հայերի զանգվածայի կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանություն, ինչպես նաև փորձում է հայերի «ցավը» տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում և հավասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ («ընդհանուր ցավի» թեզի մասին առաջիկայում ավելի մանրամասն անդրադարձ կկատարենք):

Ընդհանուր ցավի թեզն ամբողջովին արտացոլվեց Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձում: Թուրքիայի քաղաքականության կուլիմինացիոն կետը 2014 թվականի համար Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձն էր: Միանգամից 7 լեզվով տարածված հայտարարությունը մեծամբ ուղղված էր արտաքին լսարանին:

Սպասելի է, որ 2015 թվականի ընթացքում ևս Թուրքիան շարունակելու է այս թեզի գործածումը և փորձելու է նման դրական պատրանք ստեղծող քայլերի միջոցով մեղմել 2015-ի էֆեկտը:

 

Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականը

Անցնող տարվա կտրվածքով ևս մեկ կարևոր զարգացում էր պոլսահայ հայտնի գրող, լրագրող, վերլուծաբան Էթյան Մահչուփյանի նշանակումը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի դերում: Ազգությամբ հային Թուրքիայում նման պաշտոնի նշանակելը սպասելիորեն մեծ արձագանք առաջ բերեց, իսկ Մահչուփյանի նշանակումը տեղավորվեց 2015-ի նախապատրաստման տրամաբանության շրջանակներում: Այս կերպ Թուրքիան փորձում է ցույց տալ, որ հայկական հարցն իր համար կարևորություն ունի, Թուրքիան դարձել է ավելի հանդուրժող, ժողովրդավար ու ժամանակակից: Այս կերպ թուրքական կողմը փորձում է խույս տալ 2015-ի միջազգային էֆեկտից:

Մահչուփյանն ինքը ոչ միանշանակ է ընդունվում ինչպես Թուրքիայի հայ համայնքի, այնպես էլ համայն հայության կողմից: Հայտնի են նրա տարաձայնությունները հայ համայնքի հետ, ինչպես և աչքի զարնող իշխանամետ կեցվածքը (նոր պաշտոնը ստանձնելուց առաջ էլ): Թեև Դավութօղլուն և Մահչուփյանը հայտարարում են, թե այս նշանակումն ուղիղ կապ չունի Հայկական հարցի հետ, սակայն փաստերը հակառակն են ցույց տալիս, և սա կարելի է դիտել 2015-ի նախապատրաստման Թուրքիայի կարևոր քայլերից մեկը, որը, ինչպես և կցանկանար թուրքական կողմը, մեծ արձագանք ստացավ և միջազգային տեսանկյունից դիտվեց որպես աննախադեպ քայլ Թուրքիայի պատմության արդի փուլում:

 

Այլ նախաձեռնություններ, որոնք Անկարան կարող է ի շահ իրեն ծառայեցնել

Այժմ խոսենք 2014-ին Թուրքիայում մի շարք զարգացումների մասին, որոնց թուրքական պետությունը չունի (միգուցե և ունի, բայց ոչ արտաքնապես) ուղիղ միջամտություն, սակայն կարող է ծառայեցնել սեփական շահերին:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը նոյեմբերին Թուրքիայի խորհրդարան մի առաջարկ ներկայացրեց, որտեղ պահանջում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Դերսիմի (1937-1938), Մարաշի (1978), Սեբաստիայի (Սվազի) (1993), Չորումի (1980) քրդերի, ալևիների ու «ձախերի» կոտորածների, 1980 թվականի ռազմական հեղաշրջմանը հաջորդած դեպքերը (այս մասին ավելի մանրամասն` այստեղ):

Նման առաջարկի ընդունումը այժմյան Թուրքիայում իրականությունից բավական հեռու է, այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, թե ինչ արձագանքներ կունենա այս քայլը, ինձ ուղերձներ է պարունակում այն, առաջին հայացքից դրական թվացող այս առաջարկի տակ հայկական կողմի համար ինչ ենթատեքստեր կան: Այնուամենայնիվ, թեև առաջարկը քրդական նախաձեռնություն էր, ծառայում էր քրդական քաղաքական շահերին, սակայն այստեղ իր համար դրականը կարող է գտնել նաև պաշտոնական Անկարան, քանի որ իրավական որևէ ապագա չունեցող օրինագիծը թուրքական կողմը կարող է ծառայեցնել սեփական քարոզչական խնդիրներին և ներկայացնելով որպես առաջ քայլ ժողովրդավարության ճանապարհին: Հայկական կողմը ևս կարող է սեփական խնդիրները լուծել` հիմք ընդունելով այն, որ Թուրքիայի խորհրդարանում կարող է ներկայացվել Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ:

Այս ամենի համատեքստում կարելի է դիտել նաև Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող մտավորականների ոչ մեծ խմբի գործողությունները: Ողջունելով Ցեղասպանության մասին բարձրաձայնող մտավորականների քայլերը հարևան երկրում` պետք է հասկանալ, որ նրանց գործողությունները, եթե անգամ անկեղծ հայամետ են, զգալի կերպով ծառայում են նաև սեփական պետությանը` ներկայացնելով այն ավելի ժողովրդավար ու ազատ: Պետք է նաև հասկանանք, որ մտավորականների այդ խումբը շատ չնչին մի տոկոս է թուրքական ժխտողական օվկիանում, իսկ հաճախ նույն այդ խումբը սահմանափակվում է միայն բանավոր ճանաչմամբ ու ներողությունով, սակայն խուսափում է փոխհատուցման և պատասխանատվության մասին թեմաներից:

Հայկական հարցի հետ կապված անցնող տարվա կարևոր զարգացումներից էր Հայաստանի նախագահի հրավերը Թուրքիայի նախագահին` 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել Ծիծեռնակաբերդ` մասնակցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Թուրքական կողմը դեռ չի արձագանքել այս հրավերին:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Թուրքիան 2015-ին շարունակելու է ժխտել Ցեղասպանության փաստը` գործի դնելով ավելի ժամանակակից մեթոդներ և փորձելով ցույց տալ, թե երկրում դրական փոփոխություններ են կատարվում, այն դառնում է ավելի բաց և ազատ: Տարբեր հնարքներով, առաջին հայացքից աննախադեպ թվացող քայլերով ու գործողություններով թուրքական կողմը փորձելու է ուշադրությունը շեղել Ցեղասպանության թեմայից:

Միևնույն ժամանակ Թուրքիան չի հրաժարվելու Ցեղասպանության ժխտման խորքային աշխատանքներից, որոնք իրականացվում են ամենատարբեր ուղղություններով` լինի քարոզչական, դիվանագիտական, քաղաքական, գիտական, հասարակական, թե այլ:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ | Եփրատ ուսումնասիրությունների կենտրոն

Պատրաստվել է` Անալիտիկ կենտրոնի համար

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ