Թուրքիայում ԱՄՆ-ը դեսպանը «պատմական» է համարում Էրդողանի հայտնի ուղերձը

Ջոն Բասս

2014 թ.-ի սեպտեմբերին Թուրքիայում ԱՄՆ դեսպան նշանակված Ջոն Բասսը հարցազրույց է տվել թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթին, որում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային։

Լրագրողի այն հարցին, թե շուտով Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, արդյոք ԱՄՆ քաղաքականության մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է, Բասսը պատասխանել է. «Ինչպես արդեն նշել եմ ԱՄՆ սենատում, հավատում ենք, որ այդ դեպքերի (Հայոց ցեղասպանության-խմբ.) ամբողջական և ճշգրիտ ուսումնասիրությունն օգտակար կլինի ինչպես Թուրքիայի և Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր էր Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը, որը կարելի է պատմական համարել։

Հուսով եմ, որ 1915 թվականի դեպքերը կրկին աչքի կանցկացվեն, և այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին ճիշտ գնահատական կտրվի»։

Այսպիսով, ԱՄՆ դեսպանը թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում չի օգտագործել ցեղասպանություն եզրը և կոչ է արել «վերագնահատել այդ դեպքերը»:

Հիշեցնենք, որ 2014 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի անունից տարածվեց աղմուկ բարձրացրած հաղորդագրություն, որում «ցավակցություն էր հայտնվում հայերին»: Հայտարարությունը յոթ լեզվով էր, ինչն էլ վկայում էր, որ այն ուղղված է ոչ միայն թուրքական և հայկական լսարաններին, այլ նաև միջազգային խնդիրներ է լուծում: Էրդողանի ուղերձը մի շարք լրատվամիջոցներ ու շրջանակներ շտապեցին որակել որպես «ցավակցություն» Ցեղասպանության համար, սակայն այնտեղ ցեղասպանության որևէ հիշատակում չկար: Միջազգային մի շարք կառույցներ շտապեցին Էրդողանի քայլը դրական առաջընթաց որակել, սակայն իրականում թուրքական իշխանությունների այս քայլը Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության արտացոլումն էր:

Պաշտոնական Անկարան վերջին տարիներին փոխել է մարտավարությունը՝ փորձում է խիստ ժխտումից անցում կատարել ավելի ժամանակակից և արդյունավետ միջոցների, այն է՝ Ցեղասպանությունը կոչել այլ բառերով: Թուրքական կողմն ակտիվորեն կիրառում է «ընդհանուր ցավի» թեզը, որն ամբողջովին արտացոլվեց նաև Էրդողանի ուղերձում: Ըստ «ընդհանուր ցավի» թեզի՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի են ունեցել ցավալի դեպքեր, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցավը բոլորինն է»։

Այսպիսով՝ Թուրքիան խուսափում է հայերի զանգվածային կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանություն, ինչպես նաև փորձում է հայերի «ցավը» տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում և հավասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ   | Եփրատ ուսումնասիրությունների կենտրոն

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ