Էրդողանը թաղային հեղինակություն է. Իսրայելի արտգործնախարար

Էրդողան

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին հնչեցրած խոսքերի համար՝ Թուրքիայի առաջնորդին անվանելով «փողոցային հեղինակություն»։ Այս մասին Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։

Ավելի վաղ Էրդողանը Նեթանյահուին քննադատել էր Ֆրանսիայում տեղի ունեցած միասնության երթին մասնակցելու համար` նշելով, որ պաղեստինցիների դեմ պետական ահաբեկչություն հովանավորող անձը երթին մասնակցելու իրավունք չունի։

«Էրդողանը հակասեմական հայացքներ ունի, և զարմանալի է, թե ինչպես է Եվրոպան ընդունում այդ փողոցային հեղինակությանը։ Լռությունը, վերջիվերջո, մեզ կարող է տանել նախորդ դարի 1930-ականներ»,- ասել է Լիբերմանը։

Հիշեցնենք, որ 2010 թվականին Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը Թուրքիայի դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքոլին հրավիրել էր ԱԳՆ` բացատրություն պահանջելու թուրքական հեռուստատեսությամբ հակաիսրայելական սերիալ ցուցադրելու համար, որում իսրայելական հատուկ ծառայության աշխատակիցը ներկայացվում է որպես երեխա առևանգող: Թուրքական իշխանությունները Իսրայելի կողմից պաշտոնական ներողություն պահանջեցին ։ Իսրայելը նախ ուղարկեց բացատրություն, որ Դանի Այալոն նպատակ չի ունեցել նսեմացնելու թուրք դեսպանին։ Սակայն սա չբավարարեց Թուրքիային։ Ի վերջո, Անկարան ստացավ իր ուզած պաշտոնական ներողությունը։ Նշվում էր, որ սկանդալի հետևում հենց Լիբերմանն է, որը մշտապես աչքի է ընկնում հակաթուրքական հայտարարություններով:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ