Ֆրանսիան մի կողմից՝ վիրավորում է միլիարդավոր մուսուլմանների, մյուս կողմից՝ արգելում քննադատել հայերին ու հրեաներին. թուրք պատգամավոր

Ջումա Իչթեն

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Դիարբեքիրից (պատմական Աղձնիք նահանգ) պատգամավոր Ջումա Իչթենը, ով դատի է տվել թուրքական «Ջումհուրիյեթ» թերթին` ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթում տեղ գտած Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն արտատպելու համար, հայտարարել է, որ Ֆրանսիան մի կողմից՝ վիրավորում է միլիարդավոր մուսուլմանների, մյուս կողմից՝ արգելում իր երկրի տարածքում քննադատել հայերին ու հրեաներին։ Այս մասին հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» կայքը։

«Այս ամենը ցույց է տալիս Եվրոպայում առկա կեղծ ժողովրդավարության ու ազատության ողջ պատկերը։ Ֆրանսիան, որը թույլ է տալիս ազատորեն ծաղրել Մուհամեդ մարգարեին, արգելում է իր երկրի տարածքում քննադատել հայերին ու հրեաներին։

Քաղաքակրթության կենտրոն հանդիսացող այս երկրում մեղադրում են նրանց, ովքեր հայտարարում են, որ հրեաների կամ հայերի ցեղասպանություն չի եղել։ Սակայն նույն Ֆրանսիան ազատություն է տալիս նրանց, ովքեր ծաղրում են միլիարդավոր մուսուլմանների մարգարեին», – ասել է թուրք պատգամավորը։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Փարիզում ահաբեկիչները հարձակվել են «Շառլի Էբդո» շաբաթաթերթի խմբագրության վրա։ Հունվարի 8-ին մայրաքաղաքում զինված անձինք հարձակվել էին ոստիկանի վրա: Երրորդ օրը պատանդներ էին վերցվել Փարիզում և Դամարտեն ան Գոելում: Ընդհանուր առմամբ 3 օրում զոհվել էր 17 մարդ։ Ֆրանսիայի ուժայինների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում հունվարի 9-ի ընթացքում երեք ահաբեկիչներ ոչնչացվել էին:

Քեմալական և աշխարհիկ հայացքներով հայտնի թուրքական «Ջումհուրիյեթ» թերթն օրերս որոշել էր իր էջերում տպագրել «Շառլի Էբդոյի» ծաղրանկարները, ինչից հետո թերթի խմբագրությունում՝ խուզարկություններ, իսկ թերթի դեմ հարևան երկրում ցույցեր են անցկացվել: Ինչպես տեսնում ենք, իշխող իսլամամետ ԱԶԿ-ից պատգամավորը նաև դատական հայց է ներկայացրել թերթի դեմ:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ