Թուրք պատգամավորները կմեկնեն Իտալիա և Շվեդիա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու

Թուրքիայի խորհրդարանը որոշել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի դեմ կազմակերպված գործողություններ իրականացնելու նպատակով պատգամավորներից կազմված մի պատվիրակություն ուղարկել Իտալիա և Շվեդիա։ Այս մասին տեղեկացնում է CNNTurk կայքը։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գլխավոր խորհրդի նիստում քննարկվել և հավանության է արժանացել դիվանագիտական առաքելության շրջանակներում եվրոպական այդ երկրներ խորհրդարանականների խումբ ուղարկելու կառավարության առաջարկը։

Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000 թվականին, իսկ Շվեդիայի խորհրդարանը 2000 թվականի մարտի 29-ին հաստատել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ներկայացրած դիմումը, որը դատապարտում և ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը 2010 թվականին։

Հետաքրքրական է, որ Թուրքիան ներկայացուցիչներ է ուղարկում այնպիսի երկրներ, որոնց խորհրդարանները նախկինում Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումներ են ընդունել: Թուրքական կողմը նշում է, որ գործուղված խորհրդարանականների խնդիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված գործողություններն են:

Նշենք, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական ու միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը:

Բացի դրանից՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող թուրքերը նաև Անկարայի միջամտությամբ կազմակերպում են հակահայ ակցիաներ, միջոցառումներ:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ