Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են պատգամավոր ընտրվել ԱԶԿ-ի ցուցակով. թուրք սյունակագիր

Թուրքական «Ենի Շաֆաք» թերթի սյունակագիր Աբդյուլքադիր Սելվին, անդրադառնալով 2015 թվականին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, գրել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ցուցակով կարող են պատգամավոր ընտրվել Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնությունների մի քանի ներկայացուցիչներ։

ԱԶԿ-ին մոտ կանգնած Սելվին գրում է. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ 2015 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ի մի քանի անդամներ, որոնք ներկայացնում են Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնությունները, պատգամավոր են ընտրվելու։ Սա, անշուշտ, ուշացած քայլ է մեր ներքին խաղաղության ու մշակութային հարստության տեսանկյունից, սակայն հարկավոր է հնարավորինս շուտ գնալ այս քայլին։

Ի վերջո, նույն երկրի քաղաքացիներ ենք։ Ի՞նչ կլինի, որ 550 հոգանոց խորհրդարանում ազգային և կրոնական փոքրամասնությունների մի քանի ներկայացուցիչներ ունենանք»։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում, ինչպես նաև դրական միջազգային իմիջ ստեղծելու պատրանքով Թուրքիան վերջին շրջանում ակտիվացել է. թուրքերը փորձում են ցույց տալ, որ բավական հանդուրժող են երկրի տարածքում ապրող փոքրամասնությունների, մասնավորապես, հայերի նկատմամբ:

2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Թուրքիայի մի շարք կուսակցություններ, այդ թվում` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, իրենց ցուցակներում ընդգրկել էին ազգությամբ հայ թեկնածուներ, որոնք մասնակցում էին ընտրությունների Ստամբուլի հայաշատ թաղամասերում: Իսկ ահա Թուրքիայի ազգային մեծ ժողովում ԱԶԿ-ի կառավարման տարիներին (2002 թվականից) հայ պատգամավորներ չեն եղել:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ