Դինքի սպանության կազմակերպիչներից Յասին Հայալը հարցաքննվել է որպես վկա

Յասին Հայալ

Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից մեկը՝ ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը, այս անգամ հարցաքննվել է որպես վկա, հաղորդում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։

3 ժամ հարցաքննելուց հետո Հայալին կրկին բանտ են տեղափոխել։ Հարցաքննությունը վարել է Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակից, Դինքի սպանության գործով վերջերս դատախազ նշանակված Գյոքհալփ Քյոքչյուն։

Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։ 5 տարի շարունակվող կողմնակալ և բազմաթիվ քննադատությունների արժանացած դատավարությունից հետո` 2012 թվականի հունվարի 17-ին, հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որի գործը քննում էր Անչափահասների գործերով դատարանը, դատապարտվեց 21 տարի 6 ամիս ազատազրկման։ Դինքի սպանության մասնակիցներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության առաջին գործով անմեղ է ճանաչվել, սակայն երկրորդ գործով կալանավորված է։

Այժմ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատությունների է արժանանում: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ անվտանգության աշխատակիցների շրջանում, ինչը նախկին դատավարության ժամանակ շրջանցվել էր։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ