Թուրքիայի տարբեր քաղաքներում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Երեկ՝ հունվարի 19-ին, «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցն էր։Այս կապակցությամբ Թուրքիայի տարբեր քաղաքներում խոշոր երթեր ու միջոցառումներ են անցկացվել։ Միջոցառումներ են անցկացվել նաև եվրոպական մի շարք քաղաքներում, հաղորդում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։

Թուրքիայի Մարդու իրավունքների միության (IHD) Ադանայի մասնաճյուղի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, ովքեր պարզել են «Արդարություն ենք ուզում», «Առերեսվե´ք Հրանտի և Ցեղասպանության հետ» վերտառությամբ պաստառներ ու հանդես եկել «Մենք այստե՛ղ ենք, եղբա՛յր» (Buradayız Ahparig!), «Բոլորս Հրանտ ենք» հայտնի կարգախոսներով։

Կարևոր է նշել, որ IHD-ն Թուրքիայում Հայոց ցեղասպանության բարձրաձայնման, տեղի հայ համայնքի իրավունքների պաշտպանության գործում զգալի ավանդ ունեցող սակավաթիվ կազմակերպություններից է։

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք քաղաքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամները ևս հարգել են Դինքի հիշատակը։ Կուսակցության շենքի առջև հավաքվածները բավականին մեծ թիվ են կազմել։ Կուսակցության՝ Շըրնաքի գրասենյակի ղեկավար Մեհմեթ Էմին Ջենգիզօղլուն, խոսելով պետության մութ ուժերի կողմից Դինքի սպանության մասին, նշել է. «Մենք էլ չենք մոռանա ժողովրդավարության համար պայքարող այս մարդուն և ամեն տարի այս օրը կհիշենք Հրանտին»։

Ներկայիս Թուրքիայի Այնթապ (վերանվանվել է Գազիանթեփ – խմբ.) քաղաքի «Կանաչ ջուր» զբոսայգում քաղաքացիները պահել են Դինքի լուսանկարներն ու մոմեր վառել։ Այստեղ ևս հնչել են «Արդարություն ենք պահանջում Հրանտի համար», «Առերեսվե´ք ցեղասպանության հետ», «բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» և «Հրանտին սպանողը հենց ինքը՝ պետությունն է» կոչերը։

Խոշոր միջոցառումներ են եղել նաև Իզմիրթում, Մալաթիայում, Թուրքիայի այլ քաղաքներում, ինչպես նաև արտասահմանյան քաղաքներում:

Մայրաքաղաք Անկարայի համալսարանում մի խումբ ուսանողներ փորձել են հանդես գալ հայտարարությամբ՝ ի հիշատակ Հրանտ Դինքի և հունվարի 7-ին ահաբեկչական հարձակման զոհ դարձած ֆրանսիական «Շարլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի 12 աշխատակիցների, սակայն մի քանի այլ ուսանողներ, քարերով ու փայտերով զինված, հարձակվել են նրանց վրա՝ թույլ չտալով անցկացնել նախատեսված միջոցառումը։

Հավելենք, որ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում հիմնական հանրահավաքն անցկացվել է Ստամբուլում։ Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Թաքսիմ հրապարակում և երթով շարժվել «Ակօսի» խմբագրություն (Շիշլի թաղամաս), որտեղ էլ կայացել են սգո և բողոքի խոշոր միջոցառումներ։

Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։ 5 տարի շարունակվող կողմնակալ և բազմաթիվ քննադատությունների արժանացած դատավարությունից հետո` 2012 թվականի հունվարի 17-ին, հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որի գործը քննում էր Անչափահասների գործերով դատարանը, դատապարտվեց 21 տարի 6 ամիս ազատազրկման։ Դինքի սպանության մասնակիցներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության առաջին գործով անմեղ է ճանաչվել, սակայն երկրորդ գործով կալանավորված է։

Այժմ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատությունների է արժանանում: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ անվտանգության աշխատակիցների շրջանում, ինչը նախկին դատավարության ժամանակ շրջանցվել էր։

Յուրաքանչյուր տարի Դինքի մահվան օրը Ստամբուլում խոշոր երթեր և միջոցառումներ են անցկացվում նրա հիշատակին: Միևնույն ժամանակ, այս օրերին ակտիվանում են թուրքական ազգայնամոլական շրջանակները` Դինքին և հայերին վիրավորող քայլեր իրականացնելով:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ