Թուրքիայում ախոռի վերածված հայկական եկեղեցին հարբեցողների ու թմրամոլների հավաքատեղի է դարձել

Իզմիր, եկեղեցի

Այն բանից հետո, երբ Թուրքիայի Չիղլիի «Անաժեթ» մասնավոր լիցեյի սաներն իրենց պատմության և աշխարհագրության ուսուցիչների հետ այցելեցին Իզմիր (Զմյուռնիա) նահանգի Մենեմենի շրջանի Էսաթ Փաշա թաղամասի՝ 19-րդ դարում կառուցված Սուրբ Սարգիս հայկական եկեղեցի և հանրությանը ներկայացրին այն վիճակը, որում այժմ գտնվում է պատմական կառույցը, թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը ծավալուն հոդվածով անդրադարձավ այս խնդրին։

Եկեղեցին, որը գործել է մինչև 1922 թվականը, հայ բնակչության՝ քեմալական շարժման ժամանակ Մենեմենից հեռանալուց հետո տարիներ շարունակ որպես զինվորական պահեստ է ծառայել։ Այժմ ախոռի վերածված եկեղեցին հարբեցողների ու թմրամոլների հավաքատեղի է դարձել։ «Իհլասի» հետ զրույցում այս առիթով իրենց դժգոհությունն են հայտնել տեղի բնակիչները։

Հոդվածում նաև հիշատակվում է 2011 թվականի օգոստոսին Մենեմենի քաղաքապետարանի որոշումն առ այն, որ հայկական եկեղեցին առաջիկայում պետք է վերանորոգվի։ Մասնավորապես, Մենեմենի քաղաքապետ Թահիր Շահինն այն ժամանակ նշել էր, որ իրենք հաջողությամբ ավարտել են Ագիոս Կոնստանտինոս հունական եկեղեցու վերանորոգումը, և խոստացել, որ շուտով վերանորոգելու են նաև Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին։

Հաշվի առնելով այն փաստը, որ այս հայտարարությունից անցել է ավելի քան երեք տարի, կարող ենք փաստել՝ քաղաքապետարանի սույն որոշումը քաղաքական բնույթ էր կրում, որն այդպես էլ մնաց թղթի վրա։

Նշենք, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում կրել է շարունակական բնույթ։ Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Հայոց ցեղասպանությանը զուգընթաց թուրքերը կանխամտածված և ծրագրված կերպով ձգտել են ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:

Վերջին շրջանում թուրքական իշխանությունները սկսել են վերականգնել որոշ հայկական կոթողներ, ինչը բացատրվում է ինչպես միջազգային հեղինակությունը բարձրացնելու, այնպես էլ զբոսաշրջությունը զարգացնելու և եկամտի նոր աղբյուր ունենալու ձգտումով: Այնուամենայնիվ, ոչ բոլոր հայկական եկեղեցիներն են հայտնվում թուրքական պետության ուշադրության կենտրոնում, և մեծ թվով հայկական կոթողներ կա՛մ ավերվում են, կա՛մ օգտագործվում որպես քարահանք, կամ էլ վերածվում այլ նշանակության շինությունների` գոմերի, ախոռների, պահեստների:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ