Թուրքիայում պատգամավորին քննադատում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող պաստառի հետևում կանգնելու համար

Թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խոսնակ Քեմալ Քոչն անդրադարձել է իր կուսակից Շաֆաք Փավեյի մասնակցությանը հունվարի 19-ին Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթին, որի ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառ են պարզել: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Լրագրողները փորձել են հասկանալ, թե ինչու է քեմալական ուղղվածության կուսակցության ներկայացուցիչը մասնակցել Դինքին նվիրված երթին՝ կանգնելով «Առերեսվեք Ցեղասպանության հետ» պաստառի հետևում:

«Բաց երթ էր, ուստի խոսքի ազատության շրջանակներում ամեն ոք կարող էր պարզել տարբեր բովանդակությամբ պաստառներ։ Ինչ վերաբերում է այդ պաստառին, հարկ եմ համարում նշել, որ դա բացարձակապես որևէ կապ չունի ԺՀԿ-ի հետ։

Հրանտ Դինքին սպանել են Թուրքիայում։ Այդ սպանությունից 8 տարի է անցել, մինչդեռ իշխանությունները, որոնք պատասխանատվություն են կրում կատարվածի համար, այն բացահայտելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ չեն տանում», – ասել է Քեմալ Քոչը լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Սեզգին Թանրըքուլուն, հունվարի 18-ին Դինքի ընտանիքի հետ միասին Ստամբուլի Զեյթինբուրնուի Բալըքլը հայկական գերեզմանատանն այցելել էր նրա շիրմին և հարգել հիշատակը։ Պատգամավորը հայտարարել էր, որ հայ մտավորականի սպանության համար պատասխանատվությունը պետք է կրեն իշխանությունները:

Շաֆաք Փավեյի վերոնշյալ քայլը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում, և թուրք պատգամավորը քննադատության է արժանացել դրա համար: Քեմալական կուսակցությունն իր պատմության ընթացքում հանդես է եկել ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ նաև հայերի դեմ ուղղված քաղաքականությամբ, սակայն վերջին տարիներին, հաճախ նաև ընտրողների ձայներն ստանալու համար, Քեմալ Աթաթուրքի հիմնած կուսակցության անդամները փորձում են հանդուրժողականություն ցուցաբերել փոքրամասնությունների նկատմամբ: Դինքի սպանությունն ու դատավարությունն էլ ընդդիմադիր ԺՀԿ-ն փորձում է օգտագործել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ քաղաքական պայքարում:

Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ Ստամբուլում։ 5 տարի շարունակվող կողմնակալ և բազմաթիվ քննադատությունների արժանացած դատավարությունից հետո՝ 2012 թվականի հունվարի 17-ին, հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որի գործը քննում էր Անչափահասների գործերով դատարանը, դատապարտվեց 21 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դինքի սպանության մասնակիցներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության առաջին գործով անմեղ է ճանաչվել, սակայն երկրորդ գործով կալանավորված է։

Այժմ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատությունների է արժանանում: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ անվտանգության աշխատակիցների շրջանում, ինչը նախկին դատավարության ժամանակ շրջանցվել էր։

Յուրաքանչյուր տարի Դինքի մահվան օրը Ստամբուլում անցկացվում են հիշատակի խոշոր երթեր և միջոցառումներ: Միևնույն ժամանակ, այս օրերին ակտիվանում են թուրքական ազգայնամոլական շրջանակները՝ Դինքին և հայերին վիրավորող քայլեր իրականացնելով:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ