Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառի հետևում կանգնած թուրք պատգամավորներին պատասխանատվության կենթարկեն

Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության Բեյօղլուի վարչությունը բողոք-նամակ է ուղարկել կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ պահանջելով կարգապահական տույժի ենթարկել կուսակցության 3 պատգամավորների, ովքեր հունվարի 19-ին Ստամբուլում մասնակցել են Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթին, որի ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառ էր պարզված: Այս մասին գրում է թուրքական Թ24 լրատվակայքը։

Վարչության պետի տեղակալ Բարըշ Թընայը հայտարարել է, որ կարգապահական կոմիտեն պետք է քննի այս հարցը, քանի որ կուսակցության անդամներ Շաֆաք Փավեյը, Սեզգին Թանրըքուլուն և Ումութ Օրանը ներկայացնում են Թուրքիայի խորհրդարանը և մասնակցել են Ցեղասպանության հետ կապված միջոցառմանը, ինչը «դեմ է կուսակցության քաղաքականությանը»:

Ավելի վաղ լրագրողների այն հարցին, թե ինչու են քեմալական ուղղվածության կուսակցության ներկայացուցիչները մասնակցել Դինքին նվիրված երթին՝ կանգնելով «Առերեսվեք Ցեղասպանության հետ» պաստառի հետևում, Փավեյը պատասխանել էր, որ բաց երթ էր, ուստի խոսքի ազատության շրջանակներում ամեն ոք կարող էր պարզել տարբեր բովանդակությամբ պաստառներ, իսկ այդ պաստառը որևէ կապ չի ունեցել ԺՀԿ-ի հետ։

Թուրք պատգամավորների վերոնշյալ քայլն առհասարակ մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Քեմալական կուսակցությունն իր պատմության ընթացքում հանդես է եկել ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ նաև հայերի դեմ ուղղված քաղաքականությամբ, սակայն վերջին տարիներին, հաճախ նաև ընտրողների ձայներն ստանալու համար, Քեմալ Աթաթուրքի հիմնած կուսակցության անդամները փորձում են հանդուրժողականություն ցուցաբերել փոքրամասնությունների նկատմամբ: Դինքի սպանությունն ու դատավարությունն էլ ընդդիմադիր ԺՀԿ-ն փորձում է օգտագործել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ քաղաքական պայքարում:

Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։ 5 տարի շարունակվող կողմնակալ և բազմաթիվ քննադատությունների արժանացած դատավարությունից հետո՝ 2012 թվականի հունվարի 17-ին, հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որի գործը քննում էր Անչափահասների գործերով դատարանը, դատապարտվեց 21 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դինքի սպանության մասնակիցներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության առաջին գործով անմեղ է ճանաչվել, սակայն երկրորդ գործով կալանավորված է։

Այժմ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատությունների է արժանանում: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ անվտանգության աշխատակիցների շրջանում, ինչը նախկին դատավարության ժամանակ շրջանցվել էր։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ