Թուրքիայի իշխանությունը մտադիր է հողեր հանձնել հայերին. թուրքական ազգայնական կուսակցության փոխնախագահ

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը Today’s Zaman-ի հետ զրույցում հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտադիր է հողեր հանձնել հայերին։

«Ես գիտեմ, թե ինչ մտադրություններ ունեն «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարները. նրանք պատրաստվում են հողեր հանձնել այն հայերին, ովքեր տեղափոխվելու են Թուրքիա։

Արդյոք մենք պե՞տք է բավարարենք Հայկական սփյուռքի պահանջները և նրանց հանձնենք Չանքայա նախագահական պալատը, կամ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը։ Ի՞նչ են ասելու իշխանությունները, եթե ուրիշներն էլ պահանջեն վերադարձնել Ստամբուլը՝ այն անվանակոչելով Կոստանդնուպոլիս»,- ասել է Վուրալը։

Վերջին օրերին թուրքական լրատվամիջոցներում ակտիվորեն խոսում են հայերի հողային պահանջների մասին այն բանից հետո, երբ ամերիկահայ լրագրող Հարութ Սասունյանն իր հոդվածում խոսում էր Դիարբեքիրի օդանավակայանի, Անկարայի նախագահական նստավայրի և Ստամբուլի օդանավակայանի տարածների նկատմամբ հայերի պահանջների մասին:

Հավելենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի` ազգությամբ հայ քաղաքացի Զվարթ Սուջյանը դատի է տվել Թուրքիան՝ փորձելով դատական գործընթացների միջոցով հետ ստանալ իր նախնիներին պատկանող տարածքը, որի վրա կառուցվել է Դիարբեքիրի օդանավակայանը:

Հողատարածքը, որի վրա էլ կառուցվել է ներկայումս մեծամասամբ քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի (պատմական Աղձնիք նահանգ, Տիգրանակերտ) օդանավակայանը, պատկանել է հայկական Բասմաջյան ընտանիքին, որը Հայոց ցեղասպանության տարիներին բռնագաղթի է ենթարկվել: Ընտանիքի անդամների մի մասը հաստատվել է Միացյալ Նահանգներում: Բասմաջյան ընտանիքից են սերում Սուջյանները, այս ընտանիքի ներկայացուցիչներից մեկն էլ դատարան հայց ներկայացրած Նվարդ Սուջյանն է:

Նշենք, որ Դիարբեքիրում մինչ Հայոց ցեղասպանությունը մեծ թվով հայեր են ապրել` կարևոր տեղ ունենալով քաղաքի կյանքում: Ցեղասպանության տարիներին Դիարբեքիրի հայերը ոչ միայն կոտորվել են ու բռնագաղթի ենթարկվել, այլ նաև թուրքերն ու քրդերը խլել են նրանց շարժական ու անշարժ գույքը, հողատարածքները:

Վերջին տարիներին լրատվամիջոցներում շատ է խոսվում, որ ներկայիս Թուրքիայի տարբեր կարևոր օբյեկտներ հայերից բռնազավթված տարածքների վրա են կառուցվել: Ակնառու օրինակ է Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից մինչ անցյալ տարի Թուրքիայի նախագահի նստավայրը` Չանքայան, որը կառուցել էին հայերին պատկանող տարածքում: Եվս մեկ՝ աղմուկ բարձրացրած դեպք էլ կապված է Ադանայից ոչ հեռու «Ինջիրլիք» թուրք-ամերիկյան ռազմաբազայի հետ, որը նույնպես հայերին պատկանող հողատարածքի վրա է: Այսօրինակ դեպքերը բազմաթիվ են:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ