Հայաստանը պատրաստ չէ ընդունել Թուրքիայի ընկերության առաջարկը. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլու

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը չի պատասխանում իրենց ջերմ քայլերին՝ ակտիվացնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս մասին գրում է թուրքական «Ադանոլու» լրատվական գործակալությունը։

«Հայաստանն ու հայկական լոբբին այս տարի էլ ավելի ակտիվ գործունեություն են ծավալել երրորդ երկրներում՝ չպատասխանելով մինչ օրս Թուրքիայի գործադրած ջանքերին։ Այս կերպ Հայաստանն ու Հայկական սփյուռքը փորձում են ստեղծված իրավիճակից քաղաքական արդյունք ստանալ։

Բազմիցս առաջարկել ենք խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծել պատմաբանների հանձնաժողով, հանդես ենք եկել տարաբնույթ ջերմ քայլերով, սակայն Հայաստանը պատրաստ չէ ընդունել Թուրքիայի ընկերության առաջարկը։

Աշխարհն ականատես եղավ, թե ինչպես Թուրքիայի նախագահը նախորդ տարի իր ցավակցական ուղերձը հղեց հայերին։ Սակայն մենք դեմ ենք հայկական կողմի՝ այս ողբերգությունը քաղաքականացնելու փորձերին։ Ուստի մենք նույնպես միջոցներ ենք ձեռնարկում՝ շարունակելով պայքարը Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։ Թուրքիայի արտգործնախարարությունը և մյուս նախարարությունները համակարգում են իրենց պայքարը բոլոր ճակատներում՝ քաղաքական, դիվանագիտական և մշակութային ոլորտներում ակտիվ աշխատանքներ իրականացնելով»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Չավուշօղլուն անդրադարձել է նաև երեկ՝ հունվարի 28-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացած նիստին, որի վճիռը հրապարակվելու է 6-8 ամսից։

«Շվեյցարիայի կայացրած որոշումներն ու առաջ քաշած օրինագծերը հակասում են ազատ խոսքի իրավունքին։ Այս գործը որևէ առնչություն չունի Ցեղասպանության հետ, սա խոսքի ազատության գործ է։ Այս հարցում Թուրքիան ամեն կերպ աջակցելու է Դողու Փերինչեքին»,- եզրափակել է Չավուշօղլուն։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականությանը՝ նշենք, որ 2014 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի անունից տարածված և աղմուկ բարձրացրած ուղերձը հաճախ է շրջանառվում թուրք պաշտոնյաների կողմից որպես դրական քայլ: Հայտարարությունը յոթ լեզվով էր, ինչն էլ վկայում է, որ այն ուղղված է ոչ միայն թուրքական և հայկական լսարաններին, այլ նաև միջազգային խնդիրներ է լուծում: Էրդողանի ուղերձը մի շարք լրատվամիջոցներ ու շրջանակներ շտապեցին որակել որպես «ցավակցություն» Ցեղասպանության համար, սակայն այնտեղ ցեղասպանության որևէ հիշատակում չկար: Միջազգային մի շարք կառույցներ շտապեցին Էրդողանի քայլը դրական առաջընթաց որակել, սակայն իրականում թուրքական իշխանությունների այս քայլը Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության արտացոլումն էր:

Պաշտոնական Անկարան վերջին տարիներին փոխել է մարտավարությունը՝ փորձում է խիստ ժխտումից անցում կատարել ավելի ժամանակակից և արդյունավետ միջոցների, այն է՝ Ցեղասպանությունը կոչել այլ բառերով: Թուրքական կողմն ակտիվորեն կիրառում է «ընդհանուր ցավի» թեզը, որն ամբողջովին արտացոլվեց նաև Էրդողանի ուղերձում: Ըստ «ընդհանուր ցավի» թեզի՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի են ունեցել ցավալի դեպքեր, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցավը բոլորինն է»։

Այսպիսով՝ Թուրքիան խուսափում է հայերի զանգվածային կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանություն, ինչպես նաև փորձում է հայերի «ցավը» տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում և հավասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ:

Այս ամենի հետ մեկտեղ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական ու միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: Բացի դրանից՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող թուրքերը նաև Անկարայի միջամտությամբ կազմակերպում են հակահայ ակցիաներ, միջոցառումներ:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ