Եվրոպան հանդես է գալիս խոսքի ազատության դեմ. Դողու Փերինչեք

փերինչեք

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով երեկ կայացած նիստից հետո հակահայ գործունեություն ծավալող թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեն Ստրասբուրգում հանրային քննարկում է անցկացրել, որին մասնակցել է նաև Դողու Փերինչեքը։ Այս մասին հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

«Այստեղ բոլորս խոստանում ենք, որ կառուցելու ենք Մուսթաֆա Քեմալի՝ ազգայնականության, ժողովրդականության, պետականության, աշխարհիկության և հեղափոխականության Թուրքիան»,- այս խոսքերով է սկսել իր ելույթը Փերինչեքը։

Հայատյաց գործիչն անդրադարձել է նաև Հայկական հարցին. «Այս պայքարում ես երբեք հայերին չեմ թիրախավորել։ Ես միայն կռվում եմ Հայոց ցեղասպանությունը հորինած իմպերիալիստական ուժերի դեմ»։

Վերջում Փերինչեքը հավելել է, որ Եվրոպան հանդես է գալիս խոսքի ազատության դեմ։

Երեկ՝ հունվարի 28-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կայացել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստը։ Վճիռը հրապարակվելու է 6-8 ամսից։ Հայաստանը և Թուրքիան այս գործում որպես երրորդ կողմ են ներգրավված։

Հիշեցնենք, որ 2005 թվականին «Թալեաթ փաշա» կոմիտեի հիմնադիրներից մեկը, Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ է»։ Այս խոսքերի համար շվեյցարական դատարանը նրան 90-օրյա ազատազրկման էր դատապարտել, և որպես այլընտրանք՝ Փերինչեքը պետք է վճարեր ցեղասպանությունները ժխտողների համար օրենքով սահմանված տուգանքը։

Սակայն 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ պատճառաբանելով, թե իբր Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այսինքն՝ խոսքի ազատության իրավունքը:

Այս որոշումից հետո Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ Նախորդ տարվա հունիսին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:

Թուրքիայի վճռաբեկ դատարանը ժամանակին «Էրգենեքոնի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, սակայն 2014 թվականին դատարանի որոշմամբ երկիրը չլքելու պայմանով ազատ արձակված Փերինչեքի վրա դրված արգելքը դատական նիստից մի քանի օր առաջ չեղյալ էր հայտարարել։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ