Պոլսո հայոց պատրիարքարանը հիմնադրամ է բացել, ինչը թույլ կտա իրավաբանական անձի կարգավիճակ ստանալ

Արամ Աթեշյան

Պոլսո հայոց պատրիարքարանը «Հովակիմ 1461» անունով հիմնադրամ է բացել, ինչը նշանակում է, որ պատրիարքարանը իրավաբանական անձի կարգավիճակ կստանա։ Այս մասին հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

Հիմնադրամը գրանցվել է Ստամբուլի քաղաքացիական հարցերով 22-րդ դատարանի կողմից։ Հոգաբարձուների խորհուրդը կազմվելու է 10 հոգևորականներից՝ Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ:

Հիմնադրամի բացումը պատրիարքությանը թույլ կտա իրավաբանական անձի կարգավիճակ ստանալ, ինչն էլ, իր հերթին, կհեշտացնի պատրիարքարանի գործունեությունը։ Բացի այդ, Պոլսո հայոց պատրիարքարանն այսուհետ կարող է օրինական կերպով նվիրատվություններ ստանալ ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտասահմանից։

Նշենք, որ հիմնադրամի անունը դրվել է պատրիարքության առաջին հայրապետ Հովակիմ եպիոսկոպոսի պատվին, ով հենց 1461 թվականին, Բուրսայից տեղափոխվելով Կոստանդնուպոլիս, ստանձնել է առաջին պատրիարքի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Ստամբուլի հայ համայնքը տարիներ շարունակ պահանջում էր պատրիարքությանը շնորհել իրավաբանական անձի կարգավիճակ։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ