Ցեղասպանության ժխտումը հանցանք է համարվում, մինչդեռ աշխարհում միլիոնավոր մուսուլմաններ են սպանվում. թուրք պատգամավոր

Ջումա Իչթեն

Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Դիարբեքիրից (պատմական Աղձնիք նահանգ) պատգամավոր Ջումա Իչթենը հայտարարել է, որ աշխարհում տեղի ունեցող բոլոր բացասական երևույթների համար մշտապես մեղադրում են մուսուլմաններին։ Այս մասին գրում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։

«Մի՞թե մուսուլմաններն են Հիրոսիմա և Նագասակի քաղաքներն ատոմային ռմբակոծության ենթարկել կամ միլիոնավոր կյանքեր խլել Բոսնիայում, Աֆրիկայի մի շարք երկրներում, Վիետնամում, Պաղեստինում, Իրաքում, Պակիստանում և Աֆղանստանում։ Սակայն Ֆրանսիայում 12 մարդու սպանությունից հետո բոլորը սկսեցին աշխարհում տեղի ունեցող բոլոր բացասական երևույթների համար մեղադրել մուսուլմաններին։

Ոչ ոք չի խոսում հրեաների իրականացրած ահաբեկչությունների կամ Աֆրիկայում քրիստոնյաների կատարած հանցագործությունների մասին, բոլորը լռում են բուդդիստների կողմից ողջ-ողջ այրված մուսուլմանների մասին, մինչդեռ երբ որևէ մեկը հայտարարում է, որ հրեաները ցեղասպանության չեն ենթարկվել, «Հայոց ցեղասպանություն» չի եղել, նրան անմիջապես դատապարտում են, համարում են, որ այդ երևույթների ժխտումը հանցագործություն է։ Միևնույն ժամանակ, այնպիսի տպավորություն է, որ մուսուլմանի օրենքներով ապրելը, գլխաշոր կրելը, մզկիթ կառուցելը նույնպես մեղք է»,- ասել է թուրք քաղաքական գործիչը։

Նշենք, որ ավելի վաղ Ջումա Իչթենը դատի էր տվել թուրքական «Ջումհուրիյեթ» թերթին` ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթում տեղ գտած Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն արտատպելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Փարիզում ահաբեկիչները հարձակվել են «Շառլի Էբդո» շաբաթաթերթի խմբագրատան վրա։ Հունվարի 8-ին մայրաքաղաքում զինված անձինք հարձակվել էին ոստիկանի վրա: Երրորդ օրը պատանդներ էին վերցվել Փարիզում և Դամարտեն ան Գոելում: Ընդհանուր առմամբ 3 օրում զոհվել էր 17 մարդ։ Ֆրանսիայի ուժայինների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում հունվարի 9-ի ընթացքում երեք ահաբեկիչներ ոչնչացվել էին:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ