Սկանդալ. Ծիծեռնակաբերդի պատկերը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի Դարդանելի միջոցառումների ժամանակացույցում

ծիծեռնակաբերդ

Թուրքիայի արտգործնախարարությունը Դարդանելի գործողությունների 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույց է պատրաստել, որում ընդգրկվել է նաև Ծիծեռնակաբերդի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մի լուսանկար։ Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։

Թուրքական մամուլում հրապարակվել է Ծիծեռնակաբերդի մի լուսանկար, որն ընդգրկվել է ԱԳՆ-ի կողմից պատրաստված Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացույցում։

Սույն միջադեպը լուրջ իրարանցում է ստեղծել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներսում։ Այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ով է կանգնած դրա հետևում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին Անկարա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստվում է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցությամբ 102 երկրների ղեկավարների պաշտոնական հրավերներ են ուղարկվել՝ Թուրքիայում նշելու այդ իրադարձությունը: Էրդողանի կողմից հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պատասխան նամակով արդեն հրաժարվել է Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցությունից, ինչպես նաև նշել հրաժարվելու պատճառները:

Այսպիսով՝ Էրդողանն իր այս հրավերով նախևառաջ մերժել է ՀՀ նախագահի՝ ավելի վաղ իրեն ուղարկված հրավերը՝ ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և միասին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը միմիայն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, քանի որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող և նշանավոր օր չէ:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ