Հայերը փորձում են ստվեր գցել Թուրքիայի միջազգային հեղինակության վրա. Ջեմիլ Չիչեք

Չիչեք

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ով այժմ պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, հերթական անգամ խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Թուրքիան հայ ժողովրդի հետ որևէ խնդիր չունի։ Միակ հարցն այն է, որ հայկական լոբբին ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայի դեմ։ Հայկական սփյուռքն աշխարհի մի շարք երկրներում փորձում է ստվեր գցել Թուրքիայի միջազգային հեղինակության վրա»,- ասել է Չիչեքը։

Թուրքիայի խորհրդարանի նախագահը, ինչպես միշտ, անդրադարձել է նաև պատմաբանների թեմային՝ նշելով, որ անցյալում տեղի ունեցած իրադարձություններին պետք է գնահատական տան պատմաբանները։

Հիշեցնենք, որ 2005 թվականի ապրիլի սկզբներին այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեփեջ Թայիփ Էրդողանը նամակով դիմել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողով` ուսումնասիրելու «1915 թվականի իրադարձությունները»: Ապրիլի 25-ին Քոչարյանը պատասխանել էր Էրդողանի նամակին, որում, մասնավորապես, ասվում էր. «Կառավարությունների պատասխանատվությունն է՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին։ Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով»։

Հետագայում թուրքական իշխանությունները մշտապես հիշում են «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման առաջարկը: Հետաքրքրական է, որ մինչ Էրդողանի՝ 2005-ի այդ նամակը հասներ Երևան, այն արդեն տարածվել էր ԱՄՆ օրենսդիր մարմիններում և տարբեր լրատվամիջոցներում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ