Ի հեճուկս մեր սպասելիքների՝ հայկական պատվիրակությունը չկենտրոնացավ միայն Ցեղասպանության հարցի վրա. Բյուլենթ Արընչ

Բյուլենթ Արընչ

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ամփոփելով Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Թուրքիայի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբերյալ պարբերական զեկույցը, խոսել է նաև հայկական կողմի ներկայացուցիչների հետ շփման մասին։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Կարելի է ասել, որ Հայաստանի պատվիրակության հետ շփումը դրական էր, քանի որ նրանք, ինչպես մենք էինք սպասում, չկենտրոնացավ միայն Ցեղասպանության հարցի վրա, քննարկումներն ավելի կառուցողական և ընդհանուր բնույթ էին կրում։ Բացի այդ, հայկական պատվիրակությունն այս անգամ Թուրքիայի հասցեին քննադատություններով հանդես չեկավ։ Մենք էլ, մեր հերթին, հայտարարեցինք, որ ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի հետ։

Իհարկե, թե´ հայկական սփյուռքը, թե´ Հայաստանի կառավարությունը ապրիլ ամսին ընդառաջ լուրջ աշխատանքներ են տանում Հայոց ցեղասպանության հարցում։ Հարկավոր է մի կողմ դնել այս հարցը»,- ասել է թուրք գործիչը։

Նշենք, որ քննարկումների ընթացքում Արընչը պատասխանել էր հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանի շրջափակման և Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ հայկական պատվիրակության ներկայացուցիչների հարցերին։ Մասնավորապես, խոսելով Հայաստանի շրջափակման մասին՝ Արընչն ընդգծել էր. «Հայաստանն իր ապրանքները երրորդ երկրներ արտահանելու համար կարող է օգտագործել Վրաստանի ու Իրանի, այնուհետև՝ նաև Թուրքիայի տարածքը։ Բացի դրանից՝ այսօր Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ են գործում»։

Այն հարցին, թե ինչու է Հրանտ Դինքի սպանության գործով անցկացվող քննությունը բազմաթիվ քննադատությունների տեղիք տալիս, Արընչը պատասխանել է, որ այս հարցում նույնպես դրական առաջընթաց է գրանցվել՝ հիշատակելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Դինքի մահվան 8-րդ տարելիցի վերաբերյալ հունվարի 20-ի հայտարարությունը, ըստ որի՝ «Թուրքիան կիսում է հայերի ցավը, սակայն կոչ է անում ապագայի համար համբերություն ցուցաբերել»։

«Մեզ համար Հայաստանի հետ հարաբերությունների հորիզոնը խաղաղությունն ու բարեկամությունն է»,- այսպես էր եզրափակել իր խոսքը Թուրքիայի փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ 1993 թվականին Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ, սակայն 2 տարի անց միջազգային հանրության ճնշման ներքո վերաբացել է օդային սահմանը։ Ինչ վերաբերում է ցայսօր փակ ցամաքային սահմանի վերաբացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Թուրքիան այս հարցում հանդես է գալիս նախապայմաններով՝ Հայաստանից պահանջելով Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքները և հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ