Էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին. Ռոբերտ Թաթոյան

Էրզրում

Ռոբերտ Թաթոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)

Մեծ եղեռնի նախօրյակին Օսմանյան կայսրության և մասնավորապես Արևմտյան Հայաստանի հայ բնակչության թվաքանակի խնդիրը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բաղկացուցիչ մասերից մեկն է:

Թուրքիայի կառավարող շրջանները և նրանց կողմից հրահանգավորվող ժխտողական պատմագրությունը լայնորեն շահարկում են արևմտահայության թվաքանակի վերաբերյալ՝ 1878-1914թթ. հաճախ հակասական վիճակագրական տվյալները՝ ձգտելով ապացուցել, որ առաջին՝ «ժողովրդագրության տեսանկյունից Օսմանյան կայսրությունում որևէ Հայաստան գոյություն չի ունեցել», և դրանով իսկ անհիմն էին Հայկական հարցի համատեքստում բարեփոխումներ իրականացնելու արևմտահայության պահանջները, և երկրորդ՝ Հայոց ցեղասպանությանը չէր կարող զոհ գնալ 1,5 միլիոն հայ, քանի որ այդքան հայ բնակչություն Օսմանյան կայսրությունում չկար:

Հոդվածում ներկայացվում և վերլուծության են ենթարկվում Էրզրումի նահանգի 1878-1914թթ. հայ բնակչության թվաքանակին վերաբերող հիմնական ամբողջական վիճակագրական տվյալները՝ դասակարգված ըստ ծագման՝ օսմանյան, Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի, հայկական այլ, ռուսական և արևմտյան: Կազմվել են օսմանյան, հայկական, ռուսական ու արևմտյան հեղինակների տվյալների ընդհանրական-համեմատական աղյուսակներ:

Առաջին աշխարհամարտի առաջին ամիսներին Արևելյան Հայաստանում ապաստանած Էրզրումի նահանգից գաղթականների հաշվառման տվյալների հետ օսմանյան մարդահամարների տվյալների համադրումը ցույց է տալիս, որ օսմանյան վիճակագրությունը թերհաշվառել է հայերին, ցածր է ներկայացրել նրանց թվաքանակը:

Փորձ է արվել ներկայացնելու Մեծ եղեռնի նախօրյակին Էրզրումի նահանգի հայ բնակչության մոտավոր թվաքանակը գավառակ առ գավառակ՝ հաշվումները հիմնելով Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի՝ 1913-14թթ. մարդահամարի տվյալների վրա և ճշտելով դրանք Մեծ եղեռնը վերապրածների կողմից հաղորդվող տեղեկությունների, արևմտահայ փախստականների հաշվառման տվյալների և հայկական օժանդակ այլ սկզբնաղբյուրների միջոցով:

Հայկական տարբեր աղբյուրների տվյալների համադրության, վերլուծության և փոխլրացման միջոցով կատարված հաշվումների համաձայն՝ Մեծ եղեռնի նախօրյակին Էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակը կազմում էր շուրջ 251,600 շունչ (բաշխումն ըստ գավառների և գավառակների տե՛ս ստորև աղյուսակում): Այս թիվը շուրջ երկու անգամ բարձր է 1914թ. օսմանյան վիճակագրության և շուրջ 25%-ով` Հայոց պատրիարքարանի՝ 1913-14թթ. մարդահամարի տվյալներից:

Էրզրումի նահանգի հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին

Հոդվածի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ
Ցեղասպանագիտական հանդես, 2 (1), Երևան, 2014թ. էջ 31-58.

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ