Թուրքիայում՝ հայերի կոտորածների վայրում, փախստականների ճամբար են կառուցել

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների ղեկավարման վարչությունը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից Սուրուչ փախած Քոբանիի բնակիչների համար ճամբար է կառուցել ճիշտ այն վայրում, որտեղ 1895 թվականին հազարավոր հայեր են սպանվել: Այս մասին հաղորդում է քրդական «ANF» գործակալությանը:

Սուրուչում ապրող՝ ազգությամբ հայ Բոզան Դեմիրն ու Իբրահիմ Հալիլ Քայան պնդում են, որ Ուրֆայի ճանապարհին Քոբանիի բնակիչների համար կառուցված ճամբարի տեղում 1895 թվականին օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբար է եղել, որտեղ տեղավորվել է Կարինից, Երզնկայից, Մանազկերտից, Սեբաստիայից, Մուշից աքսորված շուրջ 20 հազար հայ: Դեմիրն ու Քայան նշում են, որ այդ շրջանում ճամբարը կրել է «Վարգեհա Մեզին» անունը, և այստեղ հազարավոր հայեր են սրի քաշվել: Ողջ մնացածներին հաջողվել է տեղափոխվել Քոբանի:

«Մեր ծնողները պատմում էին, որ 1895 թվականին հայերին իրենց հողից կտրել ու աքսորել են: Նրանք, ովքեր ճանապարհին սովից ու ծարավից չէին մահացել և չէին սպանվել, ցրվել են աշխարհով մեկ: Ճիշտ և ճիշտ, ինչպես այժմ Քոբանիից փախած կանայք: Ջիզրեից, Մանազկերտից, Մուշից և Սվասից աքսորված հազարավոր հայեր Ուրֆայի և Սուրուչի միջև սպանվել են: Այս վայրը լի է նրանց ոսկորներով»,- պատմել է Քայան:

«Ըստ էության, «Վարգեհա Մեզինը» հայերի առաջին ճամբարն էր: Բոլոր աքսորյալներին մի շարքով, անապատային վայրերով էին տանում: Խելե օսի շիրիֆ կոչվող գյուղի մոտ հասած հազարավոր հայեր սպանվել են, երբ փորձում էին ջուր խմել անասունների համար նախատեսված ավազանից», – հավելել է Դեմիրը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտին մեկնարկած սիրիական հակամարտության սկզբից և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործունեության ակտիվացումից ի վեր Սիրիայի շուրջ 1.6 միլիոն քաղաքացի է ապաստանել Թուրքիայում: Նրանց տեղավորելու համար թուրքական կառավարությունը 22 ճամբար է հիմնել: Չնայած դրան՝ փախստականների միայն 30% է ապահովված կացարանով ու անհրաժեշտ պարենով: Մնացած սիրիացիները պաշտոնական Անկարայից որևէ աջակցություն չեն ստանում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ